ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2013թ. |
N 969-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 17-րդ հոդվածի 1-ին մասը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ- 40 հրամանագրով հաստատված հավելվածի 16-րդ կետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության տարածքային բաժինները միացման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության տարածքային ստորաբաժանումների:
3. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի։
4. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2014 թվականի մարտի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության այլ որոշումներ ընդունելու վերաբերյալ առաջարկություններ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 969-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության բնագավառում:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Գործակալության անվանումն է՝
1) հայերեն լրիվ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալություն.
2) ռուսերեն լրիվ՝ Государственное агенство социального обеспечения министерства труда и социальных вопросов Нагорно-Карабахской Республики:
7. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
1) կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և ծառայության միջոցով վճարվող սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակման և վճարման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման և վարման ապահովումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
9. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորումն ու վարումը.
2) հարկային մարմնի, պետական կառավարման և այլ մարմինների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման (համալրման) և անհրաժեշտ տվյալների տրամադրման համար տեղեկատվության փոխանակումը.
3) կենսաթոշակների նշանակումը, վերահաշվարկումը և վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով` վճարումը.
4) ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակումը և վճարումը, այդ թվում՝ ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով.
5) ապահովագրված անձին նրա անձնական հաշվում արտացոլված տվյալների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվության տրամադրումը.
6) կենսաթոշակ նշանակելու մասին որոշում ընդունելուց հետո կենսաթոշակառուին կենսաթոշակի վկայականի անվճար տրամադրումը.
7) իրեն վերապահված գործերով վարչական վարույթի իրականացումը.
8) պետական կենսաթոշակների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների, այլ հատուցումների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
9) կազմակերպությունների, քաղաքացիների դիմումներին և բողոքներին` օրենքով սահմանված ժամկետում և կարգով ընթացք տալը, դրանցում հաղորդվող` գործակալության գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.
10) գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակի նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության` օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը.
11) կենսաթոշակների նշանակման և վճարման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինների պահանջով նրանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելն ու նրանց գործունեությանն աջակցելը.
12) գործակալության գործունեությանն առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցելն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առաջարկություններ ներկայացնելը.
13) օրենքով նախատեսված դեպքերում դատարան հայց ներկայացնելը.
14) միջազգային կազմակերպություններին անդամակցությունը, արտերկրների համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության և հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը.
15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
10. Գործակալությունը կառավարում է նախարարը:
11. Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը (այսուհետ` պետ), որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
12. Իր գործունեության ընթացքում պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախարարության և սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
13. Պետն իրականացնում է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
14. Պետը հաշվետու է նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
15. Պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ՝ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման համար.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն՝ գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների իրավասությունը.
8) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
9) նախարարի հաստատմանն է ներկայացնում գործակալության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները.
10) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝ գործակալության կանոնադրության, կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.
12) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
16. Պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում նրա պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
17. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
18. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ ու տարածքային ստորաբաժանումներ:
19. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
20. Գործակալության տարածքային ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով, գործակալության և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք:
21. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 969-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Կենսաթոշակային քաղաքականության բաժին
2. Անհատական (անձնավորված) հաշվառման բաժին
3. Կենսաթոշակային ապահովության վերլուծության բաժին
II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Ստեփանակերտի սոցիալական ապահովության տարածքային բաժին
2. Մարտակերտի սոցիալական ապահովության տարածքային բաժին
3. Հադրութի սոցիալական ապահովության տարածքային բաժին
4. Ասկերանի սոցիալական ապահովության տարածքային բաժին
5. Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժին
6. Շուշիի սոցիալական ապահովության տարածքային բաժին
7. Քաշաթաղի սոցիալական ապահովության տարածքային բաժին
8. Շահումյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |