ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» դեկտեմբերի 2007թ. |
N 724 |
ք.Ստեփանակերտ
Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին
Արցախի Հանրապետությունում ամուսնությունները խրախուսելու և նորաստեղծ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 29.05.2018 N 414-Ն)
1. Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ամուսնության գրանցման դեպքում նորաստեղծ ընտանիքի համար սահմանվում է ամուսնության միանվագ նպաստ, որը հատկացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` ամուսիններից յուրաքանչյուրին 150.0 հազար դրամի չափով:
(1-ին կետը խմբ. 19.04.2013 N 199-Ն, փոփ. 29.05.2018 N 414-Ն)
2. Հաստատել ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը տրամադրել՝
ա) յուրաքանչյուր ամսվա ընթացքում տրված ամուսնության վկայականների կրկնօրինակների (միայն 2008 թվականի հունվարի 1-ից հետո գրանցված ամուսնությունների) տվյալները՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը,
բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում տրված ամուսնալուծության վկայականների տվյալները՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը:
(3-րդ կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, 29.05.2018 N 414-Ն, 28.06.21 N 677-Ն, 11.04.22 N384-Ն)
4. Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմիններին՝ սույն որոշմամբ սահմանված աշխատանքների իրականացման համար համագործակցել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ:
(4-րդ կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, 29.05.2018 N 414-Ն, 28.06.21 N 677-Ն, 11.04.22 N384-Ն)
5. Սույն որոշման կատարման վերահսկողության և կառավարման լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը:
(5-րդ կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, 29.05.2018 N 414-Ն, 28.06.21 N 677-Ն, 11.04.22 N384-Ն)
6. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարին՝ ապահովել սույն որոշման հասարակական իրազեկումը:
(6-րդ կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, 29.05.2018 N 414-Ն, 28.06.21 N 677-Ն, 11.04.22 N384-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«25» դեկտեմբերի 2007թ.
թիվ 724 որոշման |
Կ Ա Ր Գ
ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու
1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ամուսնության գրանցման դեպքում ամուսնության միանվագ նպաստ (այսուհետ՝ նպաստ) հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, փոփ. 29.05.2018 N 414-Ն)
2. Նպաստի իրավունք ունի 40 տարին չլրացած`
ա) Արցախի Հանրապետությունում հաշվառված այն անձը, ում ամուսնությունը գրանցվել է Արցախի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում,
բ) Արցախի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող այն անձը (անկախ հաշվառման վայրից), ով ամուսնացել է Արցախի Հանրապետությունում հաշվառված անձի հետ և ամուսնությունը գրանցվել է Արցախի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում:
Անձին նպաստ է հատկացվում միայն մեկ անգամ:
2013 թվականի հունվարի 1-ից հետո ամուսնալուծման և նույն անձի հետ ամուսնության գրանցման դեպքում նպաստ չի հատկացվում:
(2-րդ կետը լրաց. 23.06.2009 N 394-Ն, խմբ. 19.04.2013 N 199-Ն, փոփ. 29.05.2018 N 414-Ն)
2.1 Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը նպաստի իրավունք ունեն նաև 50 տարին չլրացած անձինք՝ սույն կարգի պայմաններին բավարարելու դեպքում:
(2.1-ին կետը լրաց. 11.04.22 N384-Ն)
3. Նպաստ հատկացնելու համար անձը գրավոր դիմումի հետ ամուսնության գրանցման վայրի ՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային բաժին (այսուհետ` իրավասու մարմին) է ներկայացնում նաև.
ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը (հաշվառման մասին նշումը պարտադիր է) և դրա պատճենը,
բ) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
գ) ամուսնության վկայականը և պատճենը,
դ) «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) իր անվամբ բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը:
Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված անձինք սույն կետով սահմանված փաստաթղթերից բացի ներկայացնում են նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված՝ համապատասխան պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը` պայմանագրային հիմունքներով ծառայություն անցնելու մասին:
(3-րդ կետը փոփ., լրաց. 23.06.2009 N 394-Ն, լրաց. 26.01.2010 N 23-Ն, խմբ. 19.04.2013 N 199-Ն, փոփ., խմբ. 29.05.2018 N 414-Ն, փոփ. 28.06.21 N 677-Ն , 23.12.21 N 1428-Ն, փոփ., լրաց. 11.04.22 N384-Ն)
4. Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ իրավասու մարմնում՝
ա) դիմումում լրացված տվյալները համեմատվում են անձնագրի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ,
բ) փաստաթղթերի բնօրինակները համեմատվում են դրանց պատճենների հետ, պատճենների վրա կատարվում «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում իրավասու մարմնի կնիքով,
գ) անձի դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում,
դ) ամուսնության վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում «Հաշվառված է ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու համար» գրառումը (նշելով անձի անունը և ազգանունը), թվագրվում և ստորագրվում,
ե) ստեղծվում է նպաստի գործ, որին տրվում է համար՝ բաղկացած իրավասու մարմնի կոդից և հերթական համարից:
Փաստաթղթերի պատճենները մնում են իրավասու մարմնում, իսկ բնօրինակները վերադարձվում են դիմողին:
(4-րդ կետը փոփ., լրաց. 19.04.2013 N 199-Ն)
5. Նպաստ հատկացվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերով ամուսնության գրանցման պահից 12 ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում:
(5-րդ կետը փոփ. 28.06.21 N 677-Ն)
5.1. (կետն ուժը կորցրել է 11.04.22 N384-Ն)
6. Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ստեղծված գործերի հիման վրա, մինչև հաջորդ ամսվա 5‑ը, իրավասու մարմինը հայտ է ներկայացնում (կցելով էլեկտրոնային կրիչ՝ գործերում առկա տվյալներով) լիազոր մարմին՝ որը.
ա) ներկայացված տվյալները համադրում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության տրամադրած տվյալների հետ,
բ) ամփոփում է հայտերը և ընդհանուր ֆինանսավորման հայտ ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն,
գ) ֆինանսական միջոցները ստանալուց հետո դրանք փոխանցում է իրավասու մարմիններին:
(6-րդ կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, 29.05.2018 N 414-Ն, 11.04.22 N384-Ն)
7. Նպաստի վճարումները իրականացվում են անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվին փոխանցելու միջոցով:
(7-րդ կետը խմբ.11.04.22 N384-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 11.04.22 N384-Ն)
10. Նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում նպաստի գումարը հետ է գանձվում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)
11. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումի, 4-րդ կետում նշված հաշվառման մատյանի, 6-րդ կետում նշված՝ էլեկտրոնային կրիչով ներկայացվող տվյալների ձևերը, ինչպես նաև 4-րդ կետում նշված կոդերը հաստատվում են լիազոր մարմնի կողմից:
(11-րդ կետը փոփ.11.04.22 N384-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 28.06.21 N 677-Ն, փոփ. 23.12.21 N 1428-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.04.22 N384-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |