ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» դեկտեմբերի 2007թ. |
N 724 |
ք.Ստեփանակերտ
Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամուսնությունները խրախուսելու և նորաստեղծ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն` ամուսնության գրանցման դեպքում նորաստեղծ ընտանիքին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվում է ամուսնության միանվագ նպաստ՝ 300.0 հազար դրամի չափով:
2. Հաստատել ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրել՝
ա) յուրաքանչյուր ամսվա ընթացքում տրված ամուսնության վկայականների կրկնօրինակների (միայն 2008 թվականի հունվարի 1-ից հետո գրանցված ամուսնությունների) տվյալները՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը,
բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում տրված ամուսնալուծության վկայականների տվյալները՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմիններին՝ սույն որոշմամբ սահմանված աշխատանքների իրականացման համար համագործակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ:
5. Սույն որոշման կատարման վերահսկողության և կառավարման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ ապահովել սույն որոշման հասարակական իրազեկումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«25» դեկտեմբերի 2007թ.
թիվ 724 որոշման |
Կ Ա Ր Գ
ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն ամուսնության գրանցման դեպքում նորաստեղծ ընտանիքներին ամուսնության միանվագ նպաստ (այսուհետ՝ նպաստ) հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Նպաստի իրավունք ունեն այն ընտանիքները, որոնց ամուսնությունը գրանցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին), բացառությամբ՝
ա) եթե ամուսիններից մեկը չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն,
բ) եթե ամուսնության գրանցման պահին լրացած է եղել ամուսինների (տղամարդու և կնոջ) 40 տարին,
գ) եթե ամուսիններից մեկը ամուսնալուծվել է 2008 թվականի հունվարի 1-ից հետո:
3. Նպաստ հատկացնելու համար ամուսինները գրավոր դիմումի հետ ամուսնության գրանցման վայրի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն (Ստեփանակերտ քաղաքում՝ քաղաքապետարանի սոցիալական ապահովության հարցերով զբաղվող ստորաբաժանում) (այսուհետ՝ իրավասու մարմին) են ներկայացնում նաև.
ա) անձնագրերը և դրանց պատճենները (ՔԿԱԳ մարմնի կողմից կատարված՝ ամուսնության մասին նշումը պարտադիր է),
բ) սոցիալական ապահովության քարտերը և դրանց պատճենները,
գ) ամուսնության վկայականը և պատճենը,
դ) տեղեկանք բնակության վայրից,
ե) իրավասու մարմնի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:
4. Տրված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ իրավասու մարմնում՝
ա) դիմումում լրացված տվյալները համեմատվում են անձնագրի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ,
բ) փաստաթղթերի բնօրինակները համեմատվում են դրանց պատճենների հետ, պատճենների վրա կատարվում «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում իրավասու մարմնի կնիքով,
գ) անձի դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում,
դ) ամուսնության վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում «Հաշվառված է ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու համար» գրառումը, թվագրվում և ստորագրվում,
ե) ստեղծվում է նպաստի գործ, որին տրվում է համար՝ բաղկացած իրավասու մարմնի կոդից և հերթական համարից:
Փաստաթղթերի պատճենները մնում են իրավասու մարմնում, իսկ բնօրինակները վերադարձվում են դիմողներին:
5. Նպաստ հատկացվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերով ամուսնության գրանցման պահից 6 ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում:
6. Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ստեղծված գործերի հիման վրա, մինչև հաջորդ ամսվա 5‑ը, իրավասու մարմինը հայտ է ներկայացնում (կցելով էլեկտրոնային կրիչ՝ գործերում առկա տվյալներով) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ որը.
ա) ներկայացված տվյալները համադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության տրամադրած տվյալների հետ,
բ) ամփոփում է հայտերը և ընդհանուր ֆինանսավորման հայտ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,
գ) ֆինանսական միջոցները ստանալուց հետո դրանք փոխանցում է իրավասու մարմիններին:
7. Նպաստի վճարումները իրականացվում են «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի միջոցով՝ իրավասու մարմնի կողմից կազմված վճարման ցուցակներով:
8. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղի կողմից հաշվետվություն է ներկայացվում իրավասու մարմին՝ եռամսյակի ընթացքում ստացված և վճարված գումարների մասին, որի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնի կողմից ներկայացվում է լիազոր մարմին:
10. Նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում նպաստի գումարը հետ է գանձվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումի, 4-րդ կետում նշված հաշվառման մատյանի, 6-րդ կետում նշված՝ էլեկտրոնային կրիչով ներկայացվող տվյալների, 7-րդ կետում նշված վճարման ցուցակի ձևերը, ինչպես նաև 4-րդ կետում նշված կոդերը հաստատվում են լիազոր մարմնի կողմից:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |