Համարը 
ՀՕ-207
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.04.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 30.06.2022թ. ՀՕ-50-Ն օրենքի 4-րդ հոդվածը:


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի

ապրիլի 30-ին

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է առևտրի հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափը, հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2.

Առևտրի հարկի հասկացությունը

 

1. Առևտրի հարկը օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին փոխարինող հարկ է:

2. Առևտրային կազմակերպությունների համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Առևտրի հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս:

3. Անհատ ձեռնարկատերերի համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:

(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.2013 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 3.

Հարկային արտոնությունների կասեցումը

 

Առևտրի հարկ վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:

(3-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 4.

Առևտրի հարկ վճարողները

 

1. Արցախի Հանրապետությունում առևտրի հարկ վճարող են համարվում խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների, դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ անձինք), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների:

2. Առևտրի հարկ վճարողներ չեն կարող համարվել՝

ա) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք՝ գործունեության այդ մասով.

բ) (կետն ուժը կորցրել է 11.02.21 ՀՕ-19-Ն)

գ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.

դ) (կետն ուժը կորցրել է 11.02.21 ՀՕ-19-Ն)

ե) «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճար վճարող անձինք:

3. (կետն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-33)

(4-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-33, 19.10.2005 ՀՕ-229, խմբ., փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-37-Ն, խմբ. 23.12.2015 ՀՕ-67-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-68-Ն, 11.02.21 ՀՕ-19-Ն, 30.06.22 ՀՕ-50-Ն)

 

Հոդված 5.

Առևտրի հարկ վճարողների կողմից հայտարարագիր ներկայացնելը

(վերնագիրը խմբ. 26.02.2003 ՀՕ-33)

 

Առևտրի հարկ վճարողները յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև 20-ը Արցախի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հայտարարագիր՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղեկությունների վերաբերյալ:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր ստեղծված (պետական գրանցում (հաշվառում) ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշվածների), հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև պետական գրանցման (հաշվառման) ամսվան հաջորդող ամսվա 1-ը:

(5-րդ հոդվածը խմբ. 26.02.2003 ՀՕ-33, փոփ. 15.02.2006 ՀՕ-263, 26.12.2012 ՀՕ-37-Ն, 21.12.2017 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 6.

Առևտրի հարկի գործողության դադարումը

 

1. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածով նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.02.2003 ՀՕ-33, խմբ. 22.12.2004 ՀՕ-163, 29.12.2008 ՀՕ-84-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-37-Ն, խմբ. 23.12.2015 ՀՕ-67-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-68-Ն, խմբ. 11.02.21 ՀՕ-19-Ն)

 

Հոդված 7.

Հարկվող օբյեկտը

 

Առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը՝ ներառյալ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով իրենց կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

Ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում այդպիսի կամ նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի արժեքը), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես առևտրի հարկով հարկվող օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի արժեքի) 80 տոկոսը:

(7-րդ հոդվածը լրաց. 29.12.2008 ՀՕ-84-Ն, խմբ. 26.12.2012 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 8.

Հարկի դրույքաչափը և հաշվարկումը

 

1. Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են 3 տոկոս դրույքաչափով:

1.1. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված առևտրի հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական վճարի գումարները), ինչպես նաև Արցախի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր)` երկու տոկոսը կազմող գումարի չափով` խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մասով, մեկ տոկոսը կազմող գումարի չափով` դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մասով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մեկ տոկոսից պակաս գումար, իսկ դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի երկու տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ առևտրի հարկի գումարը կազմի խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մեկ տոկոսը, իսկ դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի երկու տոկոսը:

2. Բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի` առևտրի հարկի հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը:

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի համար առևտրի հարկի հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում կիսամյակը:

3. (մասն ուժը կորցրել է 24.06.2009 ՀՕ-32-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-90-Ն)

5. Խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների և դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունների մասով առևտրի հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ապրանքների առանձնացված հաշվառում:

(8-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-33, խմբ., փոփ. 24.06.2009 ՀՕ-32-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-37-Ն, 26.12.2013 ՀՕ-90-Ն, խմբ., լրաց. 11.02.21 ՀՕ-19-Ն, խմբ., փոփ., լրաց. 30.06.22 ՀՕ-50-Ն)

 

Հոդված 9.

Համախառն եկամտի և ծախսերի հաշվառման եղանակը

 

Եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով (հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ համապատասխանաբար ելնելով իր կողմից եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից):

(9-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-33)

 

Հոդված 10.

Հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները

 

Առևտրի հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում Արցախի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձևով առևտրի հարկի ամսական, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողները` կիսամյակային (ամսական կտրվածքով) հաշվարկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրի հարկի ներկայացված հաշվարկներում առևտրի հարկ վճարողի կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում առևտրի հարկ վճարողը կարող է իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել Արցախի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևով ճշգրտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվարկները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:

(10-րդ հոդվածը փոփ. 15.02.2006 ՀՕ-263, լրաց. 29.12.2008 ՀՕ-84-Ն, խմբ. 24.06.2009 ՀՕ-32-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 11.

Առևտրի հարկի վճարման կարգը և ժամկետները

 

1. Առևտրի հարկ վճարողները հարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկվող օբյեկտի նկատմամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված առևտրի հարկի գումարի և սույն օրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

2. Հարկ վճարողներն այդ գործունեության մասով շահութահարկի կանխավճարներ չեն կատարում:

(11-րդ հոդվածը փոփ. 15.02.2006 ՀՕ-263, 26.12.2013 ՀՕ-90-Ն, խմբ. 11.02.21 ՀՕ-19-Ն)

 

Հոդված 12.

Առևտրի հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

 

1. Առևտրի հարկ վճարողների համար պահպանվում է գույքահարկի, հողի հարկի վճարման, աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից, ինչպես նաև ոչ ռեզիդենտներին արցախյան աղբյուրներից վճարվող եկամուտներից հարկերի հաշվարկման, գանձման և վճարման (այդ թվում՝ որպես հարկային գործակալ), մաքսային սահմանում գանձվող ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման և վճարման կարգը:

2. Առևտրի հարկ վճարողները ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարած (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած) ԱԱՀ-ի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):

21. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով բացառապես առևտրի հարկ վճարողները ազատվում են ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

22. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով բացառապես անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողների վրա չեն տարածվում «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

3. (մասը հանվել է 29.12.2008 ՀՕ-84-Ն)

31. (մասն ուժը կորցրել է 11.02.21 ՀՕ-19-Ն)

32. (մասը հանվել է 29.12.2008 ՀՕ-84-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-90-Ն)

5. Սույն հոդվածի 21-ին և 22-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում դեղերի վաճառք իրականացնող առևտրի հարկ վճարողների վրա` գործունեության այդ մասով:

(12-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-33, փոփ., լրաց. 21.02.2007 ՀՕ-16, փոփ. 19.12.2007 ՀՕ-107, 29.12.2008 ՀՕ-84-Ն, լրաց. 24.06.2009 ՀՕ-35-Ն, լրաց., փոփ. 26.12.2013 ՀՕ-90-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-68-Ն, 11.02.21 ՀՕ-19-Ն, լրաց. 30.06.22 ՀՕ-50-Ն)

 

Հոդված 13.

Առևտրի հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը

 

1. Առևտրի հարկ վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Առևտրի հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ կարող են նշում կատարել («Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվ դուրս գրել), եթե այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված են հարկային հաշիվներ (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրեր):

Ընդ որում՝ առևտրի հարկ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում նշված ԱԱՀ-ի գումարը չի կարող գերազանցել մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

(13-րդ հոդվածը լրաց. 22.12.2004 ՀՕ-163, փոփ., լրաց. 21.02.2007 ՀՕ-16, լրաց. 14.06.2019 ՀՕ-61-Ն)

 

Հոդված 14.

Հարկման ընդհանուր կարգից առևտրի հարկով հարկման և առևտրի հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը

 

1. Առևտրի հարկ վճարող դարձած անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող՝ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններում վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին:

2. ԱԱՀ-ով հարկման ընդհանուր կարգի անցնելու պահից իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցվում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

3. Առևտրի հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (այդ թվում` կանխավճարները) և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

4. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-90-Ն)

5. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից ստացվող եկամուտներից չեն նվազեցվում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ծախսերը:

6. Հարկ վճարողը նախորդ տարիների ընթացքում ստացած վնասը չի նվազեցնում առևտրի հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից: Առևտրի հարկով հարկման ժամանակաշրջանում ստացած վնասը ենթակա չէ նվազեցման:

7. Առևտրի հարկ վճարողները վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում, ինչպես նաև հարկային օրենսդրությանն առնչվող գրանցումներ՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

8. (մասն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-37-Ն)

(14-րդ հոդվածը խմբ. 21.02.2007 ՀՕ-16, լրաց. 29.12.2008 ՀՕ-84-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-37-Ն, խմբ., փոփ. 26.12.2013 ՀՕ-90-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 15.

Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Առևտրի հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտումով ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում կատարելու դեպքում տվյալ ամսվա համար հարկը վճարելու ժամկետում բյուջե են վճարում հաշվարկային փաստաթղթերում առանձին նշված ԱԱՀ-ի գումարը:

3. Առևտրի հարկ վճարողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի առևտրի հարկի հաշվարկում հարկի գումարը սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում ` գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 40 տոկոսի չափով:

4. Եթե հարկ վճարողը, սույն օրենքի համաձայն, առևտրի հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու կամ առևտրի հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում շարունակել է իրեն համարել առևտրի հարկ վճարող, ապա այդ փաստերը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ` հիմք ընդունելով հարկման կարգերի փոփոխությունը և վճարած առևտրի հարկի մեջ սույն օրենքով սահմանված ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծությունները:

(15-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-33, խմբ. 26.12.2012 ՀՕ-37-Ն, 23.12.2015 ՀՕ-67-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-68-Ն, խմբ. 11.02.21 ՀՕ-19-Ն)

 

Հոդված 16.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Արցախի Հանրապետության հարկային մարմինը:

(16-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 17.

Անցումային դրույթներ

(17-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-33)

 

Հոդված 18.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

8 հունիսի 2002թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-207