Համարը 
N 222
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.08.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.08.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“22” օգոստոսի 2001թ.

N 222

 ք.Ստեփանակերտ

 

Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին

 

‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների հետևյալ չափերը.

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում` երկու միլիոն ՀՀ դրամի չափով,

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` մեկ միլիոն ՀՀ դրամի չափով:

«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ է հատկացվում`

ա) 1-ին խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 50 տոկոսի չափով,

բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 40 տոկոսի չափով,

գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 30 տոկոսի չափվ:

Պարտադիր պետական ապահովագրական գումարը տրվում է միանվագ՝ ապահովագրական դեպքի պահին գործող չափով, իսկ հաշմանդամության դեպքում՝ նաև հաշվի առնելով առաջնակի հաշմանդամության խումբը։

Պարտադիր պետական ապահովագրական գումարը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

(1-ին կետը լրաց. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ., խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ., խմբ. 02.11.2015 N 713-Ն)

2. Հաստատել պարտադիր պետական ապահովագրական գումարների վճարման կարգը (կցվում է):

(2-րդ կետը փոփ. 02.11.2015 N 713-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1994թ. մարտի 14-ի ‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության մասին հոդվածով սահմանված արտոնությունները ԼՂՀ տարածքում կիրարկելու մասին›› թիվ 408 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2001թ. օգոստոսի 22-ի

թիվ 222 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Պարտադիր պետական ապահովագրական գումարների վճարման

(վերնագիրը փոփ. 02.11.2015 N 713-Ն)

 

1. Սույն կարգը սահմանում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքի 39-րդ հոդվածով սահմանված պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:

(1-ին կետը փոփ. 02.11.2015 N 713-Ն)

2. Պարտադիր պետական ապահովագրական գումարները (այսուհետև՝ ապահովագրական գումար) նշանակվում և վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումների (այսուհետև՝ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում) կողմից։

(2-րդ կետը փոփ., լրաց. 29.01.2009 N 49-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն)

3. Ապահովագրական գումար ստանալու համար զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը գրավոր դիմում է իր հաշվառման վայրը սպասարկող՝ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում՝ ներկայացնելով.

1) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.

2) հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը.

3) տեղեկանք հաշվառման վայրի մասին.

4) տեղեկանք զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին.

5) զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը և պատճենը.

6) զոհված (մահացած) զինծառայողի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական կամ այլ) և պատճենը։

Սույն կետի առաջին պարբերությունում նշված՝

1) անձը հաստատող փաստաթուղթը քաղաքացու անձնագիրն է կամ նույնականացման քարտը.

2) զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինկոմիսարիատի կամ այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը։

Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը։

Հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն անձը կարող է ներկայացնել նաև վավեր սոցիալական ապահովության քարտը։

(3-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն)

4. Եթե ընտանիքում եղել են երկու և ավելի զոհված (մահացած) զինծառայողներ, ապա ապահովագրական գումարները տրվում են յուրաքանչյուր զոհվածի հաշվով:

5. Ապահովագրական գումարները ստանալու իրավունք ունեն ԼՂՀ գործող օրենսդրությանը համապատասխան զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի իրավական կարգավիճակ ունեցող հետևյալ անձինք`

ա) զոհված զինծառայողի այրին, չափահաս երեխաներից մեկը.

բ) ծնողներից որևէ մեկը, եթե զոհված զինծառայողը ամուսնացած չի եղել.

գ) հարազատներից մեկը (եղբայրը, քույրը, պապը, տատը), եթե զոհված զինծառայողը չունի ծնողներ և այրի:

6. (կետն ուժը կորցրել է 29.01.2009 N 49-Ն)

7. Ապահովագրական գումար ստանալու համար հաշմանդամ զինծառայողը գրավոր դիմում է իր հաշվառման վայրը սպասարկող՝ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում՝ ներկայացնելով.

1) սույն կարգի 3-րդ կետի առաջին պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը.

2) տեղեկանք ծառայության ընթացքում խեղում կամ վնասվածք ստանալու կամ հիվանդության առաջացման մասին.

3) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը հաշմանդամության մասին։

Սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինկոմիսարիատի կամ այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է հաշմանդամ զինծառայողը։

(7-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն)

71. Ապահովագրական գումարը ստանալու համար անձը կարող է դիմել առանց ժամկետային սահմանափակման:

(71-ին կետը լրաց. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն)

8. Սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումները դիմումների և կից փաստաթղթերի իսկությունը ճշտելուց հետո ստեղծում են համապատասխան գործեր և հայտ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)` ապահովագրական գումարները ստանալու համար:

(8-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն)

9. Նախարարությունն ամփոփում է ներկայացված հայտերը և առաջարկություն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն անհրաժեշտ գումարը հատկացնելու համար:

(9-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ.12.09.2013 N 611-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն)

10. Անհրաժեշտ ապահովագրական գումարները ստանալուց հետո նախարարությունը պահանջվող գումարները փոխանցում է սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումների ընթացիկ հաշիվները:

(10-րդ կետը խմբ. 29.01.2009 N 49-Ն)

11. Սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումները ապահովագրական գումարները փոխանցում են ‹‹Արցախբանկ››-ի համապատասխան շրջանային (քաղաքային) բաժանմունքները զոհված զինծառայողի ընտանիքի կարգավիճակ ունեցող անդամի և տվյալ հաշմանդամ զինծառայողի անվամբ:

(11-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն)