ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“22” օգոստոսի 2001թ. |
N 222 |
ք.Ստեփանակերտ
Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին
‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների հետևյալ չափերը.
ա) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` երկու միլիոն ՀՀ դրամի չափով,
բ) զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` մեկ միլիոն ՀՀ դրամի չափով:
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ է հատկացվում`
ա) 1-ին խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 50 տոկոսի չափով,
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 40 տոկոսի չափով,
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 30 տոկոսի չափվ:
Պարտադիր պետական ապահովագրական գումարը տրվում է միանվագ՝ ապահովագրական դեպքի պահին գործող չափով, իսկ հաշմանդամության դեպքում՝ նաև հաշվի առնելով առաջնակի հաշմանդամության խումբը։
Պարտադիր պետական ապահովագրական գումարը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
Սույն կետի դրույթները չեն տարածվում «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:
(1-ին կետը լրաց. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ., խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ., խմբ. 02.11.2015 N 713-Ն, փոփ., լրաց. 11.04.2018 N 244-Ն)
2. Հաստատել պարտադիր պետական ապահովագրական գումարների վճարման կարգը (կցվում է):
(2-րդ կետը փոփ. 02.11.2015 N 713-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1994թ. մարտի 14-ի ‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության մասին հոդվածով սահմանված արտոնությունները ԼՂՀ տարածքում կիրարկելու մասին›› թիվ 408 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2001թ. օգոստոսի 22-ի
թիվ 222 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Պարտադիր պետական ապահովագրական գումարների վճարման
(վերնագիրը փոփ. 02.11.2015 N 713-Ն)
1. Սույն կարգը սահմանում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքի 39-րդ հոդվածով սահմանված պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:
(1-ին կետը փոփ. 02.11.2015 N 713-Ն)
2. Պարտադիր պետական ապահովագրական գումարները (այսուհետև՝ ապահովագրական գումար) նշանակվում և վճարվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների (այսուհետ՝ գործակալություն) կողմից։
(2-րդ կետը փոփ., լրաց. 29.01.2009 N 49-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն)
3. Ապահովագրական գումար ստանալու համար զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը գրավոր դիմում է իր հաշվառման վայրը սպասարկող գործակալություն՝ ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.
2) հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը.
3) տեղեկանք հաշվառման վայրի մասին.
4) տեղեկանք զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին.
5) զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը և պատճենը.
6) զոհված (մահացած) զինծառայողի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական կամ այլ) և պատճենը։
Սույն կետի առաջին պարբերությունում նշված՝
1) անձը հաստատող փաստաթուղթը քաղաքացու անձնագիրն է կամ նույնականացման քարտը.
2) զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին տեղեկանքը տրվում է Արցախի Հանրապետության զինկոմիսարիատի կամ այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը։
Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության տված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը։
Հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն անձը կարող է ներկայացնել նաև վավեր սոցիալական ապահովության քարտը։
(3-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն)
4. Եթե ընտանիքում եղել են երկու և ավելի զոհված (մահացած) զինծառայողներ, ապա ապահովագրական գումարները տրվում են յուրաքանչյուր զոհվածի հաշվով:
5. Ապահովագրական գումարները ստանալու իրավունք ունեն Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի իրավական կարգավիճակ ունեցող հետևյալ անձինք`
ա) զոհված զինծառայողի այրին, չափահաս երեխաներից մեկը.
բ) ծնողներից որևէ մեկը, եթե զոհված զինծառայողը ամուսնացած չի եղել.
գ) հարազատներից մեկը (եղբայրը, քույրը, պապը, տատը), եթե զոհված զինծառայողը չունի ծնողներ և այրի:
(5-րդ կետը փոփ. 11.04. 2018 N 244-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 29.01.2009 N 49-Ն)
7. Ապահովագրական գումար ստանալու համար հաշմանդամ զինծառայողը գրավոր դիմում է իր հաշվառման վայրը սպասարկող գործակալություն՝ ներկայացնելով.
1) սույն կարգի 3-րդ կետի առաջին պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը.
2) տեղեկանք ծառայության ընթացքում խեղում կամ վնասվածք ստանալու կամ հիվանդության առաջացման մասին.
3) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը հաշմանդամության մասին։
Սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքը տրվում է Արցախի Հանրապետության զինկոմիսարիատի կամ այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է հաշմանդամ զինծառայողը։
(7-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն)
71. Ապահովագրական գումարը ստանալու համար անձը կարող է դիմել առանց ժամկետային սահմանափակման:
(71-ին կետը լրաց. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն)
8. Գործակալությունները դիմումների և կից փաստաթղթերի իսկությունը ճշտելուց հետո ստեղծում են համապատասխան գործեր և հայտ են ներկայացնում նախարարություն` ապահովագրական գումարները ստանալու համար:
(8-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն)
9. Նախարարությունն ամփոփում է ներկայացված հայտերը և առաջարկություն ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն անհրաժեշտ գումարը հատկացնելու համար:
(9-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ.12.09.2013 N 611-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն)
10. Անհրաժեշտ ապահովագրական գումարները ստանալուց հետո նախարարությունը պահանջվող գումարները փոխանցում է գործակալությունների ընթացիկ հաշիվները:
(10-րդ կետը խմբ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն)
11. Գործակալությունները ապահովագրական գումարները փոխանցում են ‹‹Արցախբանկ››-ի համապատասխան շրջանային (քաղաքային) բաժանմունքները զոհված զինծառայողի ընտանիքի կարգավիճակ ունեցող անդամի և տվյալ հաշմանդամ զինծառայողի անվամբ:
(11-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն)