ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԻՆ 1
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 1. Ավելացված արժեքի հարկը (այսուհետ՝ ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման (բացի Հայաստանի Հանրապետությունից), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:
Հոդված 2. ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և սույն օրենքի 6 հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ՝ անձինք):
Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա այն քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ՝ ֆիզիկական անձինք), ովքեր գործատուների հետ կնքած պայմանագրերի համաձայն հանդիսանում են վարձու աշխատողներ և միաժամանակ չեն իրականացնում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ)՝ ԱԱՀ վճարող չեն հանդիսանում:
Անհատ ձեռնարկատեր (այսուհետ՝ անհատ ձեռներեց, անհատական (ընտանեկան) ձեռնարկություն) չհանդիսացող ֆիզիկական անձանցից օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:
(2-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-152)
Հոդված 3. ԱԱՀ վճարող են համարվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
ԱԱՀ վճարող են համարվում նաև այն անձինք, որոնք՝
- գերազանցել են «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը,
- «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն չեն համարվում կամ դադարում են համարվել առևտրի հարկ վճարողներ,
- միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով ու հաստատագրված վճարով և (կամ) առևտրի հարկով հարկվող գործունեություն (ԱԱՀ-ով հարկվող գործունեության մասով):
Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն տարածվում խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների, բենզալցման (դիզելային վառելիքի) կետերի միջոցով վաճառք իրականացնող և «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առևտրի հարկ վճարող համարվող անձանց վրա:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 4 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են 4 միլիոն դրամը գերազանցող մասի համար:
Անկախ սույն հոդվածի առաջին մասի, այն անձը, որը հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնի հայտարարություն՝ իրեն ԱԱՀ վճարող ճանաչելու վերաբերյալ, կհամարվի այդպիսին ընթացիկ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:
(3-րդ հոդվածը փոփ. 29.12.1999 ՀՕ-86, խմբ. 30.04.2002 ՀՕ-208)
Հոդված 4. Մեկից ավելի անձինք կարող են լինել մեկ՝ կենտրոնացված ԱԱՀ վճարող: Այդպիսի կենտրոնացված ԱԱՀ վճարողների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
ԲԱԺԻՆ II
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող սույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
Հոդված 6. ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում՝
1/ ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքի հատուցման դիմաց՝ այլ անձի փոխանցելու միջոցով:
Ֆիզիկական անձանց անձնական գույքի օտարումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, ապրանքների մատակարարում չի համարվում.
2/ ծառայությունների մատուցումը՝ ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ՝ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը.
3/ անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը՝ սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց, կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում՝ տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով սահմանված դեպքերի.
4/ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին՝ բացառությամբ՝
ա/ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց համար մաքսատուրքի դրույքաչափն օրենքով սահմանված է զրո տոկոս և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման,
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց շրջանառությունը սույն օրենքի 15 հոդվածի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն ազատված է ԱԱՀ-ից:
(6-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-152)
Հոդված 7. ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)՝
1/ պետական տուրքի գումարը.
2/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա՝ հարկ վճարողների կողմից՝
ա) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,
բ) մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը.
3/ հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց կոմպլեկտավորող տարրերի անհատույց փոխարինումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արժեքում.
4/ իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման (այդ թվում՝ սեփականաշնորհման), ինչպես նաև ապապետականացման գործարքները.
5/ իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության՝ օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գործարքները.
6/ պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալության գործարքները.
7/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
8/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
9/ բռնագրավման կամ նվիրատվության ձևով գույքի կամ գույքային իրավունքի օտարումը պետությանը.
10/ դրամական ձևով տրվող ֆինանսական օգնությունը և շահաբաժինները.
11/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը՝ այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին.
12/ ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.
13/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը.
14/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 31.05.2001 ՀՕ-152, խմբ. 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով՝
1/ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ՝ այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)՝ առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում: Շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ, բացառությամբ ապրանքների արտահանման դեպքերի, ինչպես նաև այն դեպքի, երբ տարան իրացնում է անմիջական արտադրողը կամ ներմուծողը.
2/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց՝ օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը.
3/ ԱԱՀ վճարող անձանց կողմից մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման կամ նորոգման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին տարածքից արտահանված ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց վերամշակման կամ նորոգման արժեքը, որը որպես հատուցում պետք է վճարվի օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ օտարերկրյա ֆիզիկական անձանց), իսկ այդ արժեքի որոշման անհնարինության դեպքում՝ ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերությունը.
4/ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս (ներառյալ այդ անձանց սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծելիս) պայմանագրային հարաբերությունների կողմ (ներառյալ կոնտրագենտ) հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձինք (քաղաքացիները, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման և պետական մարմինները) այդ գործարքների գծով օտարերկրյա անձանց փոխարեն կրում են հարկային պարտավորություն՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով.
5/ հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)՝ առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան չի նախատեսված.
6/ ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից էականորեն ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ սույն օրենքին համապատասխան որոշվող մեծությունը (գործարքի արժեքը, վճարի, վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծությունը), իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի իրական արժեքը).
7/ փոխանակման գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով այդ ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման պահին դրանց սովորաբար կիրառվող գինը՝ առանց ԱԱՀ-ի.
8/ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:
(8-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 31.05.2001 ՀՕ-152, լրաց., խմբ. 06.02.2002 ՀՕ-188)
ԲԱԺԻՆ III
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 9. ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:
Ապրանքների ու ծառայությունների լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ (ներառյալ 20 տոկոս դրույքաչափը) ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16,67 տոկոս հաշվարկային դրույքաչափով:
Հոդված 10. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է սահմանվում սույն օրենքի 16 հոդվածում նշված ապրանքների և ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:
Հոդված 11. ԱԱՀ առանձին վճարողների, նրանց խմբերի, գործարքների և գործառնությունների առանձին տեսակների համար օրենքով կարող են սահմանվել ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ:
ԲԱԺԻՆ IV
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ
Հոդված 12. Ապրանքների մատակարարման վայր է համարվում ապրանքների գտնվելու տեղը, որտեղից դրանք փաստացի մատակարարվում են: Ապրանքները համարվում են մատակարարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եթե դրանք՝
ա/ առաքվել կամ հանձնվել են գնորդին (պատվիրատուին) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում.
բ/ արտահանվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Ներմուծված ապրանքները համարվում են մատակարարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում դրանց ներմուծման պահից:
Հոդված 13. Ծառայությունը համարվում է մատուցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եթե ծառայությունների մատուցման վայրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
Ծառայությունների մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղ ծառայություն մատուցող անձը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, իսկ այդպիսի վայրի բացակայության կամ որոշման անհնարինության դեպքում նշված անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը, բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածով սահմանված դեպքերի):
Հոդված 14. Անշարժ գույքի հետ կապված ծառայությունների համար, այդ թվում՝ վարձակալության, առք ու վաճառքի գործակալների ու փորձագետների ծառայությունների, շինարարության նախապատրաստման և իրականացման ծառայությունների (ներառյալ՝ նախագծման, հետախուզման, վերահսկողության և այլ հարակից ծառայությունները) մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անշարժ գույքը կամ նախատեսվում է դրա կառուցումը:
Տրանսպորտային ծառայությունների համար մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղից սկսվում է բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների փոխադրումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սկսվող և չընդհատվող երթուղով բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների միասնական միջազգային փաստաթղթերով ձևակերպված փոխադրումների (այսուհետ՝ միջազգային փոխադրումներ) մատուցման վայրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում չի գտնվում:
Մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության, կրթության և առողջապահության ոլորտներում մատուցվող ծառայությունների (ներառյալ՝ դրանց կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունները), օժանդակ տրանսպորտային ծառայությունների (ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, բեռների մշակումը, պահպանումը և այլ ծառայություններ), շարժական գույքի գնահատման, նորոգման, տեղակայման և համանման այլ ծառայությունների մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայությունները փաստացի մատուցվում են:
Արտոնագրերի, լիցենզիաների, հեղինակային իրավունքի, ապրանքանշանների և համանման այլ իրավունքների՝ այլ անձանց փոխանցման, գովազդային, խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայություններ, ինչպես նաև տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայություններ, բանկային, ֆինանսական և ապահովագրական (բացառությամբ չհրկիզվող պահարանների վարձակալության), շարժական գույքի վարձակալության (բացառությամբ բոլոր տեսակների փոխադրամիջոցների վարձակալության) ծառայություններ օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայությունն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են նշված ծառայությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:
Փոխադրամիջոցների վարձակալության դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ վարձատուն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, կամ դրա բացակայության դեպքում՝ նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից օտարերկրյա պետության տարածք մատուցվող փոստային և էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում այդ պետության տարածքը: Օտարերկրյա պետության տարածքից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մատուցվող փոստային և էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը:
(14-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-152)
ԲԱԺԻՆ V
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՈՒՄ
Հոդված 15. ԱԱՀ-ից ազատելը՝ հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները՝
1/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
2/ հանրակրթական դպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, որակավորման և վերաորակավորման միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ ուսման վարձի մասով.
3/ դպրոցական գրելու և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների կողմից հրատարակվող գիտական, գիտամեթոդական գրականության և դասագրքերի իրացումը.
4/ գիտահետազոտական աշխատանքները.
5/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
6/ անասնաբուժական դեղամիջոցների, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատների, պարարտանյութերի, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին.
7/ արտադրողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը.
8/ նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.
9/ (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)
10/ թերթերի և ամսագրերի իրացումը.
11/ թաղման բյուրոների, գերեզմանատների ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.
12/ կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաները, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը.
13/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
14/ վիճակախաղերի տոմսերի անվանական արժեքով իրացումը.
15/ ապահովագրական և վերապահովագրման գործառնությունները, ներառյալ՝ դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.
16/ կենսաթոշակային ապահովման գործառնությունները, ներառյալ՝ դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.
17/ ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները՝
- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումն ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.
- վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում՝ պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.
- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.
- արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, գնումը, վաճառքը, այդ թվում՝ վերավաճառելու նպատակով կամ պայմանով գնումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.
- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, գնումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը.
- արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) գնումը, վաճառքն ու փոխանակումը, հայկական դրամի և արտարժույթի ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքների կատարումը.
- կանխիկի տրամադրման ծառայությունները.
- բանկերի կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցումը.
- լիազորագրային կառավարման կամ այլ ձևով այլ անձանց ներդրումների (ինվեստիցիաների) կառավարումը.
- թանկարժեք մետաղների ստանդարտացված (բանկային) ձուլակտորների գնումը, վաճառքը, դրանցով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանցով այլ գործառնությունների կատարումը.
(պարբերությունն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
- բրոքերային և միջնորդական այլ ծառայություններ.
(պարբերությունն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
- օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած՝ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը.
- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները՝ կնքված պայմանագրերի համաձայն.
ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները.
18/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
19/ դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում՝ կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.
20/ (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)
21/ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
22/ հասարակական (այդ թվում՝ բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց սպառումը.
23/ (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)
24/ գյուղատնտեսական մթերքների ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող վերամշակումը և վերամշակողի կողմից դրանց իրացումը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ցանկի.
25/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը.
26/ այլ աղբյուրների և կրոնական կազմակերպությունների տրամադրած միջոցների հաշվին Հայ Առաքելական եկեղեցու շրջանակներում եկեղեցաշինության նպատակով կատարվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքները.
27/ թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը:
(15-րդ հոդվածը լրաց. 29.12.1999 ՀՕ-86, փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-152, 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 16. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը՝ սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ՝ հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է:
ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափը կիրառվում է՝
1/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանից դուրս «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ:
Օտարերկրյա անձանց կողմից հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են նրանց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
2/ օդանավակայաններում մաքսային և անձնագրային հսկողության տարածքից հետո հատուկ առանձնացված վայրերում միջազգային երթուղիներով մեկնող ուղևորներին ապրանքների մանրածախ վաճառքի նկատմամբ, եթե այդ ապրանքները մինչև վաճառքի դրվելը անցել են մաքսային ձևակերպում՝ ներքին տարածքից ապրանքների արտահանման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով.
3/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
4/ (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)
5/ միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման (ներառյալ՝ օդանավորդագիտական, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, ինչպես նաև միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման ծառայությունների և փոխադրման ընթացքում ուղևորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ.
6/ այն ծառայությունների (այդ թվում՝ գործակալական, միջնորդական) հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն հոդվածի 5-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը.
7/ օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից տրված հումքից, նյութերից ու կիսաֆաբրիկատներից իրենց պատվերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այն արտադրանքի մշակման կամ հավաքման, շարժական գույքի նորոգման, արդիականացման և համանման այլ ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք արտահանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանից դուրս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում.
8/ այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին տարածքում.
9/(կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
10/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
11/ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ.
12/ հանրապետության տարածքով օտարերկրյա բեռների տարանցիկ փոխադրումների նկատմամբ:
Զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների մոտ դրանց հետ կապված ձեռք բերված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
(16-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-152, խմբ., փոփ. 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 17. Առանձին օրենքներով կարող են սահմանվել ԱԱՀ-ից ազատման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ:
ԲԱԺԻՆ VI
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Ենթաբաժին I. Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը
Հոդված 18. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարողները ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող սահմանված կարգի հաշվարկային փաստաթուղթը՝ լրացված սույն օրենքի 20 հոդվածի համաձայն:
Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում՝
1/ ԱԱՀ վճարող չհանդիսացող անձանց կողմից.
2/ այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք սույն օրենքով ազատված են ԱԱՀ-ից.
3/ սույն օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար:
Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում՝ բեռնառաքման) և վճարային փաստաթղթեր:
Հոդված 20. Հարկային հաշվի մեջ պարտադիր նշվում են հետևյալ տվյալները՝
ա/ հաշվի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը.
բ/ ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում.
գ/ ապրանքներ կամ ծառայություններ ստացող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը.
դ/ ապրանքների անվանումը և քանակը կամ ծառայությունների տեսակը և ծավալը.
ե/ ապրանքների գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինը և հատուցման ընդհանուր գումարը՝ առանց ԱԱՀ-ի.
զ/ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով).
է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված այլ տեղեկություններ:
Որպես հարկային հաշիվ կարող են ծառայել նաև առևտրի և սպասարկումների ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից տրված ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման չեկերը (կտրոնները), եթե դրանք պարունակում են սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված տվյալները: Առանձին տվյալների բացակայության դեպքում դրանք պետք է արտացոլվեն չեկին կցվող սահմանված կարգով լրացված հարկային հաշվում:
ԱԱՀ վճարող չհանդիսացող օտարերկրյա ֆիզիկական անձանց համար մանրածախ հարկային հաշիվ (չեկ) է դուրս գրվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս՝ դրանց համար վճարված ԱԱՀ-ի գումարները նրանց վերադարձնելու հետ:
Մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտում ապրանքների գնման կամ ծառայությունների ձեռքբերման դեպքում գնորդների (հաճախորդների) պահանջով ԱԱՀ վճարող հանդիսացող անձինք պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ՝ սույն հոդվածում նշված տվյալներով:
Սույն օրենքի համաձայն՝ ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև դրան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության սահմանած կարգով, ներկայացնում են տեղեկություններ՝ հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ: Ընդ որում, այդ տեղեկություններում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը:
(20-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-152, 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ԱԱՀ-ի հաշվարկումը և գանձումը հիմնավորվում է մաքսային ձևակերպման ժամանակ լրացվող մաքսային հայտարարագրերով և վճարային փաստաթղթերով (վճարման հանձնարարագիր, անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթղթեր):
Հոդված 22. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և դուրսգրման օրվան հաջորդող առնվազն երեք տարի պահպանել իրենց կողմից տրված բոլոր հարկային հաշիվների պատճենները, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ժամանակ ԱԱՀ-ի վճարումը հաստատող հաշիվները, ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին ԱԱՀ-ի վճարումը հաստատող հայտարարագրերը, ինչպես նաև ԱԱՀ-ի հաշվարկմանը և վճարմանը վերաբերող այլ փաստաթղթեր:
Ենթաբաժին II. ԱԱՀ-ի հաշվարկման կարգը
Հոդված 23. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են՝
1/ արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության ներքին տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների (ներառյալ՝ հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների մատակարարների կողմից՝ սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով բացառությամբ օրենքի 241 հոդվածում նշված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների: Այդ հոդվածում նշված՝ 2002թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. հունվարի 1-ը իրականացված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց վճարումը:
(մասն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
2/ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին:
Սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱՀ վճարող համարվող դարձած և սահմանված կարգով հարկային մարմիններում հաշվառման կանգնած անձինք հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածով սահմանված կարգով հաշվանցում են սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվելու պահից հետո ձեռք բերված (այդ թվում՝ ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված (մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները:
ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում՝ մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման (ենթակա են վերաձևակերպման), եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:
(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-152, լրաց., փոփ. 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 24. (հոդվածն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)
Հոդված 241. Մինչև 2006թ. հունվարի 1-ը բնակչությանը խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների, կեղտաջրերի հեռացման ծառայությունների, ինչպես նաև պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով:
Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնություների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում՝
1) վճարվել են մատակարարներին՝ արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց՝ սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.
2) գանձվել են մաքսային մարմինների կողմից՝ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով:
(24.1-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-188, 20.06.2002 ՀՕ-223)
Հոդված 25. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվանցվում է ավելացված արժեքի հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով վերադարձվում է վճարողներին՝ հարկային մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված՝ գումարը հիմնավորող համապատասխան տեղեկանքի հիման վրա՝ 30 օրվա ընթացքում (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի գծով առաջացող գումարների): Ընդ որում, նշված գումարի վերադարձը պետական բյուջեից կատարվում է առաջնահերթ՝ համապատասխան տեղեկանքի տրամադրմանը հաջորդող օրերի ընթացքում՝ պետական բյուջեում ավելացված արժեքի հարկի գծով առկա մուտքերի հաշվին:
Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին: Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա է վերադարձման՝ սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:
Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ միաժամանակ այլ գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ վճարող անձինք վարում են առանձնացված հաշվառում: Այդպիսի հաշվառման իրականացման անհնարինության դեպքում ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ հետ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների մեծությունը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ելնելով հարկվող ընդհանուր շրջանառության մեջ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռից:
Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ կազմակերպության վերակազմակերպման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքի, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:
(25-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-152)
Հոդված 26. Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն՝
1) ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից:
2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող և 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարքների (գործառնությունների) գծով, ինչպես նաև այն գործարքների գծով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:
Բացառությամբ ապրանքների արտահանման դեպքի, սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարան անմիջական արտադրողից կամ անմիջական ներմուծողից ձեռքբերողների վրա՝ այդ տարայի մասով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ կատարողների վրա:
Սույն կետում նշված՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռք բերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:
3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով՝ բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի:
(2-րդ մասն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)
(3-րդ, 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրել են 31.05.2001 ՀՕ-152)
4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը:
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-152, լրաց., փոփ. 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 27. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործարքներ (գործառնություններ), ապա նրանք կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները: Այդ նպատակով ԱԱՀ վճարողները պարտավոր են վարել հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործառնությունների, ինչպես նաև դրանց իրականացման համար ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների առանձնացված հաշվառում: Եթե նման առանձնացված հաշվառման իրականացումն անհնարին է, ապա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է՝ ելնելով նույն հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների (գործառնությունների) ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների (գործառնությունների, այդ թվում՝ զրոյական դրույքաչափով հարկվող) շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռից:
Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների մասով հարկվող շրջանառություն չի առաջանում և ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարների՝ սույն հոդվածով սահմանված կարգով վերահաշվարկներ չեն կատարվում:
(27-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-152)
Հոդված 28. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում իրենց բնակության վայրում, սեփական սպառման հետ միաժամանակ և ձեռք բերված ապրանքների, ծառայությունների համար վճարել (ձևակերպել) են ԱԱՀ, ապա հաշվանցման (պակասեցման) ենթակա են միայն ԱԱՀ-ի այն գումարները, որոնք վճարվել (ձևակերպվել ) են անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ձեռք բերված ապրանքների, ծառայությունների համար:
Հոդված 29. Սույն օրենքի 19-րդ հոդվածի պահանջները խախտելու և հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում անձինք պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը սահմանված ընդհանուր կարգով վճարել բյուջե:
(29-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-152)
Ենթաբաժին III. ԱԱՀ-ի վճարման և հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները
Հոդված 30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում: Եթե նախապես հայտարարված մաքսային ռեժիմը (որի համաձայն մաքսային սահմանով բացթողման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է ազատ շրջանառության համար բացթողման (ներմուծման) ռեժիմով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ռեժիմով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:
Հոդված 31. ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքը`
1) ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին.
2) (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)
3) (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)
(31-րդ հոդվածը փոփ. 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 32. Սույն օրենքի 23-րդ հոդվածի համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:
Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը՝ բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:
Այն անձանց համար, որոնց սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը նախորդող օրացուցային տարում գերազանցել է 60 միլիոն դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
Հաշվարկված ԱԱՀ-ի վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
(32-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-152, փոփ., խմբ. 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 33. ԱԱՀ վճարողները սույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևով:
ԱԱՀ վճարողների կողմից ավելացված արժեքի հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված դեպքի:
(33-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-152)
ԲԱԺԻՆ VII
ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 34. Զբոսաշրջիկության բնագավառում ծառայություն մատուցող անձանց (այսուհետ՝ գործակալություններ) համար, որոնք իրականացնում են ուղեգրերի (մատուցվող ծառայությունների) վաճառքը քաղաքացիներին, հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկների կողմից գործակալություններին վճարվող ամբողջ գումարի և այլ անձանց կողմից մատուցվող ծառայությունների արժեքի տարբերությունը (մասնավորապես փաստաթղթերի ձևակերպման և համանման այլ ծախսերի կատարման նպատակով վճարվող գումարը):
Եթե զբոսաշրջիկության հետ կապված ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ամբողջությամբ իրականացվում է հանրապետության տարածքից դուրս, ապա գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ, համաձայն սույն օրենքի 16 հոդվածի, կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ, իսկ եթե այդ ծառայությունները մատուցվում են ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ նրանից դուրս, ապա զրոյական դրույքաչափով հարկվում է միայն ծառայությունների այն մասը, որը կապված է ներքին տարածքից դուրս իրականացվող գործարքների (գործառնությունների) հետ:
Հոդված 35. Քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող անձնական գույքի սահմանված կարգով հանձնուրդային (կոմիսիոն) վաճառքի դեպքում առևտրական գործունեություն իրականացնողի համար հարկվող շրջանառություն է համարվում հանձնուրդավճարի (կոմիսիոն գանձույթի) գումարը՝ պայմանով, որ նշված գույքի հաշվառումն իրականացվում է նոր (ոչ կոմիսիոն) ապրանքների հաշվառումից առանձնացված կարգով՝ հանձնուրդային (կոմիսիոն) առևտրի կանոնների պահպանմամբ:
Հոդված 36. Ապրանքների աճուրդային վաճառքի դեպքում աճուրդի կազմակերպչի համար հարկվող շրջանառություն է համարվում վաճառվող ապրանքների սեփականատիրոջ (այլ անձի) կողմից միջնորդավճարի (պարգևավճարի, տոկոսի և այլն) գումարը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 37. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կապի ծառայությունների մատուցման ժամանակ հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը՝ ելնելով սահմանված սակագներից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) անդամ մյուս երկրների միջև միջազգային կապի ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում ԷՄՄ անդամ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կապի ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Համաշխարհային փոստային միության անդամ մյուս երկրների միջև փոստային ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում Համաշխարհային փոստային միության անդամ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները համարվում են որպես արտահանված ծառայությունների դիմաց ստացվող փոխհատուցում, և դրանց նկատմամբ կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:
Հոդված 38. Գրավի հետ կապված գործառնությունների իրականացման դեպքում, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 8-րդ կետում նշված դեպքի, հարկվող շրջանառություն է համարվում՝
1) շրջանառության մեջ գտնվող ապրանքներով՝ ներառյալ՝ անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) առարկայի իրացման դեպքում՝ սույն օրենքի 8 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառությունը.
2) շրջանառությունից դուրս եկած (օգտագործման մեջ եղած) ապրանքներով գրավի առարկայի իրացման դեպքում՝ դրանց փաստացի բավարարման պահին ստացված լրիվ ծավալով պահանջի, ներառյալ տոկոսները, գրավի մասին պայմանագրով նախատեսված պարտավորության կատարումն ուշացնելու հետևանքով վնասի փոխհատուցումը՝ տուգանք, տույժ, գրավ դրված գույքը պահելու և գրավով ապահովված պահանջը կատարելու հետ կապված ծախսերի և իրացման (վաճառքի) գների տարբերությունը:
Սույն հոդվածով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:
(38-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-152)
Հոդված 39. (հոդվածն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 40. Առևտրային կազմակերպությունների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտների և այլ գույքային իրավունքների օտարումը, այդ թվում՝ պետության և երրորդ անձանց հանդեպ պարտավորությունները կատարելուց (մարելուց) հետո բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջև բաշխումը (օտարումը) ենթակա է ԱԱՀ-ով հարկման՝ սահմանված ընդհանուր կարգով:
Անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների մնացորդների մասով (այդ թվում՝ ապրանքների, արտադրանքի, մտավոր սեփականության օբյեկտների), այլ գույքային իրավունքների գծով ձեռքբերումների դիմաց վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) և մինչև գործունեության դադարեցումը հաշվանցված ԱԱՀ-ի գումարների չափով առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն:
(40-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-152)
ԲԱԺԻՆ VIII
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 41. Սույն օրենքը խախտելու համար ԱԱՀ վճարողները և նրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 42. Սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգի խախտումով հարկային հաշիվների լրացման համար վճարողներից գանձվում է տուգանք՝ այդ փաստաթղթերում հաշվարկված ԱԱՀ-ի 10 տոկոսի չափով:
Հոդված 43. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները պակասեցնելու (հաշվանցելու) հետևանքով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով: Այդ տուգանքը կիրառվում է նաև սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված հարկի գծով պարտավորությունը չկատարելու և այն դեպքերում, երբ հարկային մարմինների կողմից կատարվող ստուգման արդյունքում բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար չի առաջանում՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցելու հետևանքով:
(43-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-152, փոփ. 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 431. Սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ավելացված արժեքի հարկի գումարները չներառելու դեպքում տեղեկությունները ներկայացնող անձը վճարում է տուգանք՝ սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5000 դրամի չափով:
Սույն օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք չեն արտացոլվել ներկայացված տեղեկություններում՝ ենթակա չեն հաշվանցման:
(431-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-152, 06.02.2002 ՀՕ-188)
Հոդված 44. Եթե ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք սույն օրենքի 3 հոդվածի պահանջներին համապատասխան պարտավոր էին, սակայն չեն վճարել ԱԱՀ՝ իրականացնելով հարկվող գործարքներ (գործառնություններ), ապա դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 441. Փոխկապակցված անձինք ավելացված արժեքի հարկ վճարողներ են համարվում՝ անկախ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափը գերազանցելու հանգամանքից:
(441-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-152)
Հոդված 442. Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքերում՝ այդպիսի հաշիվներ դուրս գրող անձանցից գանձվում է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք՝ ԱԱՀ-ի գումարի 100%-ի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: Սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված կարգով անձը կրում է գործարքը կատարելու պարտավորություն:
(442-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-188)
ԲԱԺԻՆ IX
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 45. Սույն օրենքի դրույթներին վերաբերող հրահանգները, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը՝
- օրենքի 15 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների վերաբերյալ պարզաբանումները՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ.
- օրենքի 15 հոդվածի 5-7-րդ կետերի դրույթների վերաբերյալ պարզաբանումները՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնի հետ.
- օրենքի 15 հոդվածի 8-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ.
- օրենքի 15 հոդվածի 13-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի հետ.
- օրենքի 15 հոդվածի 18-րդ և 16 հոդվածի 10-րդ կետերի (շինարարական և հարակից աշխատանքների գծով) դրույթների վերաբերյալ պարզաբանումները՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ.
- օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձվող ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման կարգին վերաբերող դրույթների մասով համապատասխան հրահանգը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային վարչությունը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության հետ:
Հոդված 46. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 47. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 48. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի մարտի 17-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
23 հունվարի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-43 |
|