ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ՝ սոցիալական վճարներ) հասկացությունը, դրանց հավաքագրման իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմունքները, դրույքաչափերը և վճարման կարգը:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները |
Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
Ապահովադիր՝ սոցիալական վճարները հաշվարկող, դրանց պահումները կատարող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն:
Ապառք՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:
|
Հոդված 2. |
Սոցիալական վճարների մասին օրենսդրությունը |
1. Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
|
Հոդված 3. |
Սոցիալական վճարների հասկացությունը և կատարողները |
1. Սոցիալական վճարները պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:
2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով:
Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով՝ վճարման օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային բանկի («Արցախբանկ») սահմանած արժութային փոխարժեքին համապատասխան:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Սոցիալական վճարումներ են կատարում՝
ա) գործատուները,
բ) վարձու աշխատողները,
գ) անհատ ձեռներեցները,
դ) գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք,
ե) գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարումներ չեն կատարում:
|
Հոդված 4. |
Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները |
1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են՝
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները,
բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները,
գ) անհատ ձեռներեցների, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձանց տարեկան եկամուտները՝ «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ սոցիալական ապահովագրության վճարների) կատարելուց հետո,
դ) գյուղացիական տնտեսությունների սեփականություն համարվող հողատարածքների կադաստրային զուտ եկամուտը:
2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Հոդված 5. |
Սոցիալական վճարների դրույքաչափերը |
1. Գործատուները սոցիալական վճարումները կատարում են աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ՝ յուրաքանչյուր աշխատողի համար հետևյալ դրույքաչափերով՝
|
1 |
2 |
|
Յուրաքանչյուր աշխատողի սոցիալական վճարների օբյեկտի չափը |
Սոցիալական վճարներ |
| |
դրույքաչափը (տոկոսով) |
գումարը |
|
մինչև նվազագույն աշխատավարձի ութապատիկը ներառյալ |
32 |
օբյեկտի գումարի 32 տոկոսը |
|
նվազագույն աշխատավարձի ութապատիկը գերազանցող չափից մինչև տասնվեցապատիկը ներառյալ |
27 |
նվազագույն աշխատավարձի 40 տոկոսին գումարած օբյեկտի գումարի 27 տոկոսը |
|
նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկը գերազանցող չափից ավելի |
22 |
նվազագույն աշխատավարձի 120 տոկոսին գումարած օբյեկտի գումարի 22 տոկոսը |
2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում և լիազորված մարմին են փոխանցում գործատուները:
3. Հաշմանդամների հասարակական կազմակերպությունները, այն ձեռնարկությունները, դրանց տնտեսական միավորումները, հիմնարկները, ուսումնական հաստատությունները և կազմակերպությունները, որտեղ աշխատողների և սովորողների ոչ պակաս 50 տոկոսը հաշմանդամ է, սոցիալական վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով:
4. Գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում սեփականություն համարվող հողատարածքների՝ տվյալ տարվա համար սահմանված կարգով հաշվարկված կադաստրային զուտ եկամտի 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունվեցապատիկը՝ մեկ տարվա ընթացքում: Վարձու աշխատանք օգտագործող գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում նաև գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:
5. Անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձինք սոցիալական վճարումներ են կատարում իրենց տարեկան եկամտի 20 տոկոսի, բայց ամսական նվազագույն աշխատավարձի մեկուկեսից ոչ պակաս և տասներեքից ոչ ավելի չափով:
6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազատ (շուկայական) գներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և լիազորված մարմին փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:
|
Հոդված 6. |
Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը |
1. Գործատուները պարտավոր են ամեն ամիս աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների հաշվարկային մեծության նկատմամբ հաշվարկել սոցիալական վճարներ և դրանք մինչև հաջորդ ամսվա 15-ը փոխանցել լիազորված մարմնին:
Պետությունը երաշխավորում է պետպատվերով նախատեսվող միջոցների հատկացումը գործատուներին՝ սահմանված ժամկետներում:
2. Գյուղացիական տնտեսությունների սոցիալական վճարները հաշվարկում է լիազորված մարմինը և նշում նրանց տրվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանուցագրերում:
3. Գյուղացիական տնտեսությունները, անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք տարվա համար հաշվարկված սոցիալական վճարումները կատարում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:
4. Գործատուն, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից մինչև 90 օր ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ՝ ապառքի 0,1 տոկոսի չափով: Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած մինչև 365-րդ օրը ներառյալ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ՝ ապառքի 0,3 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված սոցիալական վճարների գումարների ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարների օբյեկտի գծով սոցիալական վճարների գումարների նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետանց ամբողջ ժամանակաշրջանի համար:
Հայցային վաղեմության և գանձման անվիճելիության կարգի կիրառման համար սահմանվում է երեք տարվա ժամկետ՝ ապառքի գոյացման պահից:
6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում՝ սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:
7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո, տասնօրյա ժամկետում վճարում են թաքցրած կամ պակաս
ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:
8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում՝ ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով: Լիազորված մարմինը, որպես սոցիալական վճարների պարտքը (ապառքի և հաշվարկված տույժերի գումարը) բռնագանձելու մասին դատարանի վճռի հարկադիր կատարման միջոց, ապահովադրի գույքի վրա դնում է արգելանք և ապահովում դրա իրացումը:
9. Սոցիալական վճարումների կատարման արտոնությունները սահմանվում են օրենքով:
(6-րդ հոդվածը խմբ.19.10.1998 ՀՕ-31)
|
Հոդված 7. |
Սոցիալական վճարների չափի սահմանափակումը |
1. Վարձու աշխատող համարվող անձի համար գործատուի և վարձու աշխատողի կատարած սոցիալական վճարների ամսական գումարը չի կարող գերազանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներեքապատիկը:
2. Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, ապահովադրի համաձայնությամբ՝ առաջիկա վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին՝ դիմելու օրվանից 20 օրվա ընթացքում: Մինչև 90 օր ուշացնելու դեպքում՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար, լիազորված մարմինը վճարում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով, 91-րդ օրվանից սկսած մինչև 365-րդ օրը ներառյալ՝ 0,3 տոկոսի չափով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ
|
Հոդված 8. |
Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովող մարմինը |
Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովում է լիազորված մարմինը, որը կուտակված միջոցները, մինչև «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ընդունելը, ուղղում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափերով:
|
Հոդված 9. |
Լիազորված մարմնի հիմնական իրավասությունները |
Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է՝
ա) ապահովադիրների մոտ, անկախ սեփականության ձևից, կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների հաշվարկման և վճարման փաստաթղթերի ստուգում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ) ապահովադիրներից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները,
դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
ե) պետական գրանցում ստանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին և պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
Հոդված 10. |
Սոցիալական վճարումներ կատարողների գրանցումը |
1. Ապահովադիրները ձեռնարկությունների պետական ռեգիստրի մարմիններում գրանցվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են գրանցվել և հաշվառվել լիազորված մարմնում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները և անհատ ձեռներեցները գրանցվում և հաշվառվում են ըստ գործունեության պետական գրանցման վայրի:
3. Գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք լիազորված մարմնում գրանցվում և հաշվառվում են ըստ բնակության վայրի:
|
Հոդված 11. |
Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Սոցիալական վճարումներ կատարողները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն՝
ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը,
բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո, տասնօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն գանգատարկել դատական կարգով,
գ) գանգատարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները,
դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ՝ սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին,
ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:
2. Սոցիալական վճարումներ կատարողները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են՝
ա) գրանցվել և հաշվառվել լիազորված մարմնում,
բ) լիազորված մարմին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր,
գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:
3. Գործատուի և անհատ ձեռներեցի կողմից հաշվապահական հաշվառում չվարելը կամ այնպիսի խախտումներով վարելը, կամ սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը, կամ սոցիալական վճարների հիմք համարվող այլ փաստաթղթերում այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք առաջացրել են կամ կարող էին առաջացնել սոցիալական վճարների նվազեցում կամ անհնար են դարձնում սոցիալական վճարների չափի հաշվարկը, ապա գանձման ենթակա սոցիալական վճարների չափը սահմանվում է նախորդ հավասար ժամանակահատվածի սոցիալական վճարների կրկնապատիկի չափով, իսկ խախտում թույլ տված անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 12. |
Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկման կարգը |
Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 13. |
Եզրափակիչ դրույթներ |
Օրենքի 4 հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը և 5 հոդվածի 4-րդ կետը ուժի մեջ են մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական հողային կադաստրի» հաստատումից հետո: Մինչ այդ, գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
|
Հոդված 14. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
14 մայիսի 1998թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-13 |
|