Համարը 
ՀՕ-13
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.04.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.05.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ՝ սոցիալական վճարներ) հասկացությունը, դրանց հավաքագրման իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմունքները, դրույքաչափերը և վճարման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

Ապահովադիր` սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:

Ապառք՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:

Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկելու ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները):

Լիազորված (լիազոր) մարմին` «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմին:

(1-ին հոդվածը խմբ., լրաց. 17.12.2003 ՀՕ-90, փոփ., լրաց. 22.12.2004 ՀՕ-159, խմբ. 28.12.2005 ՀՕ-249)

 

Հոդված 2.

Սոցիալական վճարների մասին օրենսդրությունը

1. Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 3.

Սոցիալական վճարների հասկացությունը և կատարողները

1. Սոցիալական վճարները պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:

2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով:

(2-րդ նախադասությունը հանվել է 28.12.2005 ՀՕ-249)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:

4. Սոցիալական վճարումներ են կատարում՝

ա) գործատուները,

բ) վարձու աշխատողները,

գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր),

դ) (ենթակետն ուժը կորցրել է 17.12.2003 ՀՕ-90)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 17.12.2003 ՀՕ-90)

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուներն ազատվում են սոցիալական վճարումների կատարման պարտականությունից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձինք, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց մոտ վարձու աշխատանք կատարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական վճարներ են կատարում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով:

6. Գործատուների համար սահմանված ժամկետներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա:

(3-րդ հոդվածը լրաց. 18.10.2000 ՀՕ-115, խմբ. 31.05.2001 ՀՕ-154, խմբ., փոփ. 17.12.2003 ՀՕ-90, փոփ., լրաց. 22.12.2004 ՀՕ-159, փոփ., լրաց. 28.12.2005 ՀՕ-249)

 

Հոդված 4.

Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են՝

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները,

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները,

գ) անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները,

դ) (ենթակետն ուժը կորցրել է 17.12.2003 ՀՕ-90)

2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը լրաց. 18.10.2000 ՀՕ-115, խմբ. 31.05.2001 ՀՕ-154, խմբ., փոփ. 17.12.2003 ՀՕ-90, լրաց. 22.12.2004 ՀՕ-159)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5.

Սոցիալական վճարների դրույքաչափերը

1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարումները կատարում են նրան վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի (այսուհետ՝ աշխատավարձի) 13 տոկոսի չափով:

Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 17.12.2003 ՀՕ-90)

2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե են փոխանցում գործատուները:

3. (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-154)

4. (մասն ուժը կորցրել է 17.12.2003 ՀՕ-90)

5. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ են կատարում հաշվարկված օբյեկտի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից:

Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար՝ գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 17.12.2003 ՀՕ-90)

Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:

6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազատ (շուկայական) գներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Արտարժույթով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքից:

7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 12.10.1999 ՀՕ-72, լրաց., խմբ. 18.10.2000 ՀՕ-115, լրաց., փոփ. 31.05.2001 ՀՕ-154, լրաց. 27.11.2002 ՀՕ-21, խմբ. 16.01.2003 ՀՕ-26, փոփ., խմբ. 17.12.2003 ՀՕ-90, փոփ., լրաց. 22.12.2004 ՀՕ-159, լրաց. 28.12.2005 ՀՕ-249)

 

Հոդված 6.

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին հաշվարկում ու վճարում են նպաստներ, որից հետո դրանց տարբերությունը փոխանցում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ)` յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարների չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը)` պակասեցումը կատարելով հաջորդ ամսվա 20-ին: Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2004 թվականի հունվարի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):

2. (մասն ուժը կորցրել է 17.12.2003 ՀՕ-90)

3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրոդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 22.12.2004 ՀՕ-159)

4. Գործատուն, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն:

Եթե օրենքներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրան հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք`լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25000 դրամի չափով:

41. Գործատուները և անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:

5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ՝ ապառքի 0,15 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է՝ ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:

Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում, սահմանված կարգով, ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` լիազորված մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում (հայտարարագրերում) սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:

Ապահովադիրների կողմից լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավել ուշացնելու դեպքում, այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք` դրա հետևանքով չմուծված սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան սոցիալական վճարի ընդհանուր գումարն է:

Սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը) սխալ կազմելու համար ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10 տոկոսի չափով:

Աշխատողի աշխատանքի ընդունումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60000 դրամի չափով: Նշված դրույթը չի կիրառվում վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը սահմանված կարգով չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու դեպքերում. այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում (վերահաշվարկվում) են ընդհանուր սահմանված կարգով:

7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո, տասնօրյա ժամկետում վճարում են թաքցրած կամ պակաս

ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:

8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում՝ ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով:

 Չկատարված սոցիալական վճարների պարտավորության (ապառք, տույժ, տուգանք) չափը հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիազորված մարմնի ղեկավարն իրավունք ունի ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնել մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` ապահովադրի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` ապահովադրի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև` ապահովադրի այլ ակտիվների նկատմամբ:

Դատարանի վճռից հետո լիազորված մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Լիազորված մարմնի կողմից ապահովադրի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում դատարանի վճիռը չապահովելու դեպքում ապահովադրի գույքը համարվում է արգելանքից հանված:

Որպես սոցիալական վճարների պարտավորության կատարման ապահովման միջոց` լիազորված մարմնի և ապահովադրի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները հրապարակվում է լիազորված մարմնի կողմից, մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

9. Սոցիալական վճարումների կատարման և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

10. Սույն հոդվածով սահմանված հայտարարագրերի, հաշվետվությունների և տեղեկությունների ձևն ու լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ:

(6-րդ հոդվածը խմբ.19.10.1998 ՀՕ-31, խմբ. 12.10.1999 ՀՕ-72, լրաց., խմբ. 18.10.2000 ՀՕ-115, խմբ., փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-154, լրաց., փոփ. 27.11.2002 ՀՕ-21, խմբ., փոփ. 17.12.2003 ՀՕ-90, փոփ., խմբ., լրաց. 22.12.2004 ՀՕ-159, խմբ., փոփ., լրաց. 28.12.2005 ՀՕ-249)

 

Հոդված 7.

Ավել վճարված սոցիալական վճարների ապահովադրին վերադարձնելու կարգը

                      (վերնագիրը խմբ. 10.11.1999 ՀՕ-72)

 

Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, տուգանքների, առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` լիազորված մարմին դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում:

(7-րդ հոդվածը խմբ. 12.10.1999 ՀՕ-72, փոփ. 31.05.2001 ՀՕ-154, խմբ. 22.12.2004 ՀՕ-159)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 8.

Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովող մարմինը

 

Սոցիալական վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը, սոցիալական վճարների մասով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերն ապահովում է լիազորված մարմինը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման տարեկան ֆինանսական ծրագիր է, որը հաստատվում է օրենքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաստատման հետ միաժամանակ:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.11.2002 ՀՕ-21, խմբ. 22.12.2004 ՀՕ-159)

 

Հոդված 9.

Լիազորված մարմնի հիմնական իրավասությունները

 

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է, մասնավորապես`

ա) գործատուների վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների), քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձանց մոտ՝ սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի ստուգում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ) ապահովադիրներից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները,

դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

ե) պետական գրանցում ստանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին և պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

զ) (կետն ուժը կորցրել է 22.12.2004 ՀՕ-159)

(9-րդ հոդվածը խմբ. 12.10.1999 ՀՕ-72, լրաց. 18.10.2000 ՀՕ-115, փոփ. 31.05.2001 ՀՕ-154, լրաց., փոփ. 17.12.2003 ՀՕ-90, լրաց., փոփ. 22.12.2004 ՀՕ-159)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 17.12.2003 ՀՕ-90)

 

Հոդված 10.

Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը

                      (վերնագիրը խմբ. 17.12.2003 ՀՕ-90)

 

1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման կամ ըստ լիազոր մարմնում որպես հարկ վճարող հաշվառվելու վայրի:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված անձինք որպես ապահովադիր հաշվառվում են լիազոր մարմնում:

(10-րդ հոդվածը խմբ. 12.10.1999 ՀՕ-72, լրաց. 18.10.2000 ՀՕ-115, փոփ. 31.05.2001 ՀՕ-154, խմբ. 17.12.2003 ՀՕ-90, լրաց. 28.12.2005 ՀՕ-249)

 

Հոդված 11.

Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Սոցիալական վճարումներ կատարողները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն՝

ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը,

բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն բողոքարկել դատական կարգով,

գ) բողոքարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները,

դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ՝ սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին,

ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:

2. Սոցիալական վճարումներ կատարողները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են՝

ա) հաշվառվել լիազորված մարմնում,

բ) լիազորված մարմին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր,

գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

3. Եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված ապահովադրի կողմից տրված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան` աշխատանքային գրավոր պայմանագիր, իսկ պետական մարմիններում և տեղական ինքակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրք, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկավճարային փաստաթղթեր, ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ և այլն) կամ կեղծ տվյալներ է մտցնում այդ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկել սոցիալական վճարները, ապա սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները հաշվարկում է լիազոր մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու

դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է: Սույն մասով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում համախառն եկամուտներն որոշվում են լիազորված մարմնի կողմից` կիրառելով սույն հոդվածի երրորդ մասի դրույթները:

(11-րդ հոդվածը լրաց. 18.10.2000 ՀՕ-115, փոփ. 17.12.2003 ՀՕ-90, փոփ., խմբ. 22.12.2004 ՀՕ-159, փոփ., լրաց. 28.12.2005 ՀՕ-249)

 

Հոդված 12.

Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման կարգը

                      (վերնագիրը փոփ. 17.12.2003 ՀՕ-90)

 

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները 30 օրվա ընթացքում կարող են բողոքարկվել այն լիազոր մարմին, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Բողոքները լիազոր մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքն ստացվելուց 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են բողոքարկվել լիազոր մարմնի վերադաս մարմին բողոքարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում կամ՝ դատարան: Ապահովադիրները և (կամ) նրանց կողմից լիազորված անձինք իրավունք ունեն մասնակցելու բողոքի քննարկմանը:

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի դադարեցնում սոցիալական վճարների վճարումը (գանձումը): Բողոքը քննության առնող լիազոր մարմինը (լիազոր վերադաս մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչև բողոքի լուծումը դադարեցնելու սոցիալական վճարի գանձումը:

(12-րդ հոդվածը փոփ. 17.12.2003 ՀՕ-90, խմբ. 28.12.2005 ՀՕ-249)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 13.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

                      (վերնագիրը խմբ. 12.10.1999 ՀՕ-72)

 

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ:

(13-րդ հոդվածը խմբ. 12.10.1999 ՀՕ-72, խմբ. 22.12.2004 ՀՕ-159)

 

Հոդված 14.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

14 մայիսի 1998թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-13