ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“22” օգոստոսի 2001թ. |
N 222 |
ք.Ստեփանակերտ
Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին
‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների հետևյալ չափերը.
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում` տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 100-ապատիկի չափով,
բ) ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի չափով:
‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին միանվագ պետական ապահովագրական գումարներ է հատկացվում`
ա) 1-ին խմբի հաշմանդամներին` տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի չափով,
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 40-ապատիկի չափով,
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 30-ապատիկի չափվ:
Միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
2. Հաստատել զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող միանվագ պետական ապահովագրական գումարների վճարման կարգը (կցվում է):
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1994թ. մարտի 14-ի ‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության մասին հոդվածով սահմանված արտոնությունները ԼՂՀ տարածքում կիրարկելու մասին›› թիվ 408 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2001թ. օգոստոսի 22-ի
թիվ 222 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող պետական ապահովագրական գումարների վճարման մասին
1. Սույն կարգը սահմանում է ‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› ԼՂՀ օրենքի 39-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու համար զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:
2. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, ԼՂՀ ներքին գործերի նախարարությունը, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչությունը, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչությունը զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների փաստաթղթերը (ճշտված ցուցակները) տրամադրում են ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը:
3. Զոհվածների (մահացածների) ընտանիքները (այրի, ծնողներ, հարազատներ) ապահովագրական գումարը ստանալու համար շրջանային (քաղաքային) սոցիալական ապահովության բաժիններ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
- տեղեկանք զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի (այրի, ծնող, հարազատ) բնակության վայրի մասին,
- զինկոմիսարիատի տեղեկանքը զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին,
- զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականի պատճեն,
- զոհված (մահացած) զինծառայողի 1 լուսանկար,
- եթե զոհված (մահացած) զինծառայողը ամուսնացած է` ամուսնության վկայականի պատճեն,
- անչափահաս երեխաների ծննդյան վկայականի պատճեները,
- եթե զոհված (մահացած) զինծառայողը ամուսնացած չի եղել, ծնողների ամուսնության վկայականի պատճեն,
- զոհվածի ծննդյան վկայականը,
- զոհվածի կենսագրությունը:
4. Եթե ընտանիքում եղել են երկու և ավելի զոհված (մահացած) զինծառայողներ, ապա ապահովագրական գումարները տրվում են յուրաքանչյուր զոհվածի հաշվով:
5. Ապահովագրական գումարները ստանալու իրավունք ունեն ԼՂՀ գործող օրենսդրությանը համապատասխան զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի իրավական կարգավիճակ ունեցող հետևյալ անձինք`
ա) զոհված զինծառայողի այրին, չափահաս երեխաներից մեկը.
բ) ծնողներից որևէ մեկը, եթե զոհված զինծառայողը ամուսնացած չի եղել.
գ) հարազատներից մեկը (եղբայրը, քույրը, պապը, տատը), եթե զոհված զինծառայողը չունի ծնողներ և այրի:
6. Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամների մեջ վեճ առաջանալու դեպքում ապահովագրական գումարը տալ շրջանային (քաղաքային) վարչակազմին կից վարչական հարցերի հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
7. Հաշմանդամ դարձած զինծառայողների ապահովագրական գումարները ստանալու համար Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցպաշտպանության բաժին, սոցապահովության շրջանային բաժիններ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում
- զինկոմիսարիատի տեղեկանքը զինծառայողի վիրավորվելու մասին` նշելով ժամկետը
- տեղեկանք հաշմանդամ զինծառայողի բնակության վայրի մասին
- ԲՍՓՀ-ի հաշմանդամության մասին ակտի քաղվածքը
- հաշմանդամի մեկ լուսանկար
- ինքնակենսագրությունը
- եթե հաշմանդամությունը առաջ է եկել զինծառայության ժամանակ հիվանդության հետևանքով, ապա պետք է ներկայացնել նաև հիվանդության էպիկրիզը:
8. Բաժինները դիմումների և կից փաստաթղթերի իսկությունը ճշտելուց հետո ստեղծում են համապատասխան գործեր և հայտ են ներկայացնում ԼՂՀ սոցապահովության նախարարություն` ապահովագրական գումարները ստանալու համար:
9. ԼՂՀ սոցապահովության նախարարության սոցիալական աջակցության բաժինը և ֆինանսատնտեսական բաժինը ստուգում և ամփոփում է բաժինների կողմից ներկայացված գործերն ու հայտերը և առաջարկություն ներկայացնում ԼՂՀ ֆինանսների նախարարություն անհրաժեշտ գումարը հատկացնելու համար:
10. Անհրաժեշտ ապահովագրական գումարները ստանալուց հետո ԼՂՀ սոցապահովության նախարարությունը պահանջվող գումարները փոխանցում է Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցպաշտպանության բաժին, սոցապահովության շրջանային բաժինների ընթացիկ հաշիվները:
11. Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցպաշտպանության բաժինը, սոցապահովության շրջանային բաժինները ապահովագրական գումարները փոխանցում են ‹‹Արցախբանկ››-ի համապատասխան շրջանային (քաղաքային) բաժանմունքները զոհված զինծառայողի ընտանիքի կարգավիճակ ունեցող անդամի և տվյալ հաշմանդամ զինծառայողի անվամբ: