ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետությունում բնապահպանական և բնօգտագործման վճարների (այսուհետ՝ վճարներ) հասկացությունները, վճարողների շրջանակը, վճարների տեսակները, հաշվարկման և վճարման կարգը, սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը, կարգավորում է վճարների հետ կապված այլ հարաբերություններ:
(1-ին հոդվածը փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 2. |
Բնապահպանական և բնօգտագործման վճարների հասկացությունները |
Բնապահպանական վճար՝ բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքին համապատասխան Արցախի Հանրապետության պետական բյուջե (այսուհետ՝ պետական բյուջե) վճարվող պարտադիր վճարն է:
Բնօգտագործման վճար՝ պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման և (կամ) իրացման համար սույն օրենքին համապատասխան պետական բյուջե վճարվող վճարն է:
(2-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-47-Ն, փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 3. |
Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողները |
Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողներ (այսուհետ՝ վճարողներ) են համարվում ֆիզիկական, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, որոնք իրականացնում են սույն օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված գործառույթներ:
|
Հոդված 4. |
Բնապահպանական վճարի տեսակները |
Բնապահպանական վճարի տեսակներն են՝
ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար.
բ) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝
1) հատուկ հատկացված տեղերում տեղադրելու համար,
2) հատուկ հատկացված տեղերում պահելու համար.
գ) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար:
(4-րդ հոդվածը խմբ. 04.02.21 ՀՕ-11-Ն)
|
Հոդված 5. |
Բնօգտագործման վճարի տեսակները |
Բնօգտագործման վճարի տեսակներն են՝
ա) ջրօգտագործման համար.
բ) պինդ օգտակար հանածոների, բացառությամբ մետաղական օգտակար հանածոների, մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար.
գ) կենսապաշարների օգտագործման համար.
դ) ռոյալթին` արդյունահանված մետաղական օգտակար հանածոների կամ հանքաքարի կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված՝ սույն օրենքի 13.3-րդ հոդվածով սահմանված արտադրանքի իրացման համար:
(5-րդ հոդվածը խմբ. 01.10.2001 ՀՕ-167, լրաց. 26.12.2012 ՀՕ-47-Ն, փոփ., լրաց. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 6. |
Վճարողների հաշվառման կարգը |
Վճարողների հաշվառման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(6-րդ հոդվածը փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 7. |
Վճարների դրույքաչափերը |
Բնապահպանական վճարների դրույքաչափերը սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից:
(7-րդ հոդվածը փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
ԳԼՈՒԽ 2
ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Հոդված 8. |
Վճարների հաշվարկման և վճարման կարգը |
Վճարողները վճարների գումարները հաշվարկում են սույն օրենքին համապատասխան ինքնուրույն, եռամսյակի կտրվածքով, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ, և պետական բյուջե են վճարում սույն օրենքին համապատասխան:
(8-րդ հոդվածը փոփ. 01.10.2001 ՀՕ-167)
|
Հոդված 9. |
Բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման կարգը |
1. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:
2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող վճարողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնում են օգտագործված ջրի ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:
3. (1-ին պարբերությունը հանվել է 26.12.2012 ՀՕ-47-Ն)
Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի, ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի, ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի ծավալների հիման վրա:
(3-րդ պարբերությունը հանվել է 26.12.2012 ՀՕ-47-Ն)
Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:
Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների և առանձին հանքավայրերի՝ բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:
4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:
Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա՝ սույն օրենքին համապատասխան, և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ՝ մինչև կենսապաշարների տեղափոխումը:
5. Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի սույն օրենքին համապատասխան հաշվարկված լինելը:
6. Կենսապաշարների օգտագործման համար վճարը պակաս մուծելու կամ վճարումն ուշացնելու դեպքում սույն օրենքի համաձայն հաշվարկված տույժերի գումարները գանձում են Արցախի Հանրապետության հարկային մարմինները (այսուհետ՝ հարկային մարմիններ):
7. Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) և Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հանածոյի մարված պաշարների ծավալների, այդ ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և Արցախի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի դրույքաչափի (սույն կետում այսուհետ` դրույքաչափ) հիման վրա, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և դրույքաչափի արտադրյալը գերազանցում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի հաստատագրված դրույքաչափը (սույն կետում այսուհետ` հաստատագրված դրույքաչափ):
Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) և Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հաստատագրված դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների բազմապատկումով`
ա) եթե հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում հաստատագրված դրույքաչափը.
բ) եթե հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել: Եթե հաշվետու ժամանակաշրջանում իրացվել է այդ ժամանակաշրջանում մարված պաշարների մի մասը, ապա մարված պաշարների իրացված մասի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան, իսկ մարված պաշարների չիրացված մասի համար՝ հաստատագրված դրույքաչափերով.
գ) եթե իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքը, կամ եթե օգտակար հանածոն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար.
դ) բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկներում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից օգտակար հանածոների առանձին տեսակների համար սահմանված հաստատագրված դրույքաչափերը սույն կետին համապատասխան կիրառվում են օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի առնելով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի ելքի առանձին ցուցանիշները, եթե հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի բացակայության դեպքում, ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի, ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:
8. Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարի համար սահմանված վճարի դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում տվյալ քարի միջազգային շուկայական միջին գնի հիման վրա` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը: Արտարժույթով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկելիս որպես փոխարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արտարժույթի նկատմամբ շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
9. Սույն օրենքի իմաստով օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.10.2001 ՀՕ-167, փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-47-Ն, խմբ. 31.10.2013 ՀՕ-53-Ն, փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 10. |
Բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման կարգը |
1. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա և վճարվում է սույն օրենքին համապատասխան, եթե Արցախի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող՝ Արցախի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում և վճարվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքին համապատասխան:
2. Արցախի Հանրապետություն ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Արցախի Հանրապետությունում արտադրվող և իրացվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը՝ իրացման շրջանառության հիման վրա և վճարում հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն:
Արցախի Հանրապետություն ներմուծված և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) համար վճարը հաշվարկում է ներմուծողը` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման շրջանառությունից և Արցախի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափից: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարը պակասեցվում է իրացված ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:
Այն դեպքում, երբ Արցախի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են Արցախի Հանրապետություն ներմուծված կամ Արցախի Հանրապետությունում արտադրված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է`
1) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Արցախի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից.
2) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Արցախի Հանրապետություն մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:
Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված վճարից չպակասեցված` իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:
Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական վճարների գումարները հաշվարկային փաստաթղթերում առանձնացնում են միայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող իրացնողները և արտադրող իրացնողները:
3. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու (պահելու) համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված (պահված) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության դասից, և վճարվում է սույն օրենքին համապատասխան:
(10-րդ հոդվածը խմբ. 01.10.2001 ՀՕ-167, խմբ., լրաց. 31.10.2013 ՀՕ-53-Ն, խմբ. 04.02.21 ՀՕ-11-Ն, փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 11. |
Վճարների հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները |
(վերնագիրը փոփ. 01.10.2001 ՀՕ-167, 22.12.22 ՀՕ-101-Ն)
1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
Գրանցված հաշվարկների երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:
2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը:
3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Արցախի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Արցախի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին՝ վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:
(11-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.10.2001 ՀՕ-167, փոփ. 31.10.2013 ՀՕ-53-Ն, 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 11.1. |
Վճարների ճշտված հաշվարկները |
(վերնագիրը փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
1. Վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանի համար պարտավորությունների վերահաշվարկ:
2. Հարկային կամ լիազոր մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո լիազոր մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:
3. Ճշտված հաշվարկները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին՝ գրանցման: Գրանցված հաշվարկների երկրորդ օրինակները վճարողները գրանցմանը հաջորդող հինգ օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:
(11.1-ին հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-53-Ն, փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 11.2. |
Վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգը |
1. Բնօգտագործման վճար վճարող հանդիսացող ջրօգտագործողները ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում տեղադրում և շահագործում են հաշվիչ (չափիչ) սարքեր, որոնք Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման հարկային և լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:
2. Բնօգտագործման վճար վճարող ջրօգտագործողները հանքային ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`
1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ` գազանջատիչ) դուրս եկող ջրախողովակի (այսուհետ՝ առաջնային խողովակ) վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.
2) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված յուրաքանչյուր խողովակի վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.
3) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում տեղադրում են գազաչափ:
Սույն կետում նշված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը և գազաչափերը Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման հարկային և լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների տվյալները Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:
(11.2-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-53-Ն, փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 12. |
Վճարների վճարման արժույթը |
Վճարները վճարվում են հայկական դրամով:
|
Հոդված 12.1. |
Վճարների պարտավորությունների հաշվառումը |
1. Վճարների պարտավորությունների (վճար, տույժ, տուգանք) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը:
2. Վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հաշվարկներում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև վճարողին տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:
3. Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվարկների ներկայացման ամսաթվից:
4. Որևէ հաշվետու ժամանակաշրջան (եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված վճարողի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրը: Հաշվարկները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ վճարողի լուծարման կամ ֆիզիկական անձի` Արցախի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկներից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ, իսկ մյուսները` ճշտված հաշվարկ:
5. Վճարողի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հաշվարկները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ, եթե այդ հաշվարկները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը վճարողը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Վճարողի կողմից միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկներ, որոնք չեն համարվում ճշտված հաշվարկներ:
6. Ֆիզիկական անձի` Արցախի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ներկայացվող հաշվարկները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ, և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները համարվում են ճշտված հաշվարկներ:
7. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը, տուգանքները:
(12.1-ին հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-53-Ն, փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 13. |
Ավել վճարված վճարների գումարների վերադարձը |
Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավել վճարված գումարները վճարողի դիմումի համաձայն հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում են՝ դիմումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:
Գ Լ ՈՒ Խ 2.1
ՌՈՅԱԼԹԻՆԵՐ
|
Հոդված 13.1. |
Ռոյալթիի հասկացությունը |
Ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների կամ հանքաքարի վերամշակման, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող շահութաբերության համար սույն օրենքին համապատասխան պետական բյուջե վճարվող վճար է:
(13.1-ին հոդվածը լրաց. 29.03.2018 ՀՕ-3-Ն, փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 13.2. |
Ռոյալթի վճարողները |
1. Ռոյալթի վճարողներ են համարվում՝
1) Արցախի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և մետաղի խտանյութ (այսուհետ՝ խտանյութ) կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող իրավաբանական անձինք.
2) Արցախի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և այդ հանքավայրերից արդյունահանված մետաղական օգտակար հանածոներից առանց խտանյութի ստացման ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող իրավաբանական անձինք.
3) ընդերքօգտագործման թափոններից և (կամ) հանքաքարից մետաղի խտանյութ և (կամ) ձուլվածք կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող իրավաբանական անձինք՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալուց:
(13.2-րդ հոդվածը լրաց. 29.03.2018 ՀՕ-3-Ն, խմբ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 13.3. |
Ռոյալթիի հաշվարկման բազան |
1. Ռոյալթիի հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ հարկման բազաները.
1) Բ1 - հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացման շրջանառություն.
2) Բ2 - շահույթ նախքան հարկումը, որը հաշվարկվում է որպես Բ1-ի և «Շահութահարկի մասին» օրենքով սահմանված՝ Բ1-ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, սույն օրենքով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.
3) Բ3 - շահույթ նախքան հարկումը, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով. ընդ որում, Բ3-ի հիման վրա ռոյալթիի գումարը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարողի մոտ Բ3-ը մեծ է 0-ից.
Բ1=Բ2 -ՖԾ-(Բ1XR1)-(Բ2XR2)-(Բ1 X0,15),
որտեղ՝ ՖԾ-ն «Շահութահարկի մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերն են, որոնք Բ3-ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, դեպքերում և չափերով, իսկ R1-ը և R2-ը՝ սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված ռոյալթիի դրույքաչափերը:
Սույն հոդվածի կիրառության իմաստով Բ2-ի հաշվարկման ժամանակ՝
ա. իրացման շրջանառությունից ֆինանսական ծախսերի, սույն օրենքով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների նվազեցում չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից,
բ. բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով:
2. Ռոյալթիի հաշվարկման համար իրացման շրջանառությունը որոշվում է հաշվեգրման եղանակով:
3. Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.
1) մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` մատակարարման պայմանագրին համապատասխան որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) մետաղների պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Ընդ որում, խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված լաբորատորիաների տված եզրակացությունների հիման վրա որոշված՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը.
2) որպես մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գին հիմք է ընդունվում մատակարարված խտանյութի համար մատակարարի և գնորդի միջև կնքված՝ խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան ըստ գնորոշման ժամանակահատվածի և գնանշումների (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված պայմանագրի գինը: Խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամիսը ներառյալ ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա համար ձևավորված՝ մետաղների միջազգային միջին գները: Եթե խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար, որպես ֆիզիկական ծավալի գին, հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով որոշված պայմանագրի գինը` առանց ավելացված արժեքի հարկի.
3) ռոյալթիի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված (անկախ մատակարարման պայմաններից) խտանյութի իրացման շրջանառություն է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ֆիզիկական ծավալի համար մատակարարի և գնորդի միջև կնքված արտադրանքի մատակարարման պայմանագրով որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) պայմանագրի գինը՝ հիմք ընդունելով հետևյալը.
ա. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պայմանագրի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված ֆիզիկական ծավալից մատակարարման պահին որոշված ծավալի բացասական շեղման առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված ծավալի 2 տոկոսը,
բ. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս խտանյութի առանձին տեսակների համար վճարվող մետաղներ են համարվում՝
պղնձի խտանյութերի դեպքում՝ պղինձը, ոսկին, արծաթը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,
մոլիբդենի խտանյութի դեպքում՝ մոլիբդենը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,
ցինկի խտանյութի դեպքում՝ ցինկը, ոսկին, արծաթը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,
այլ խտանյութերի դեպքում՝ խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող մետաղները,
գ. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել՝
վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն սահմանաչափերը։ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով,
մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը: Սահմանաչափերը հրապարակվում են՝ հիմնվելով մասնագիտացված միջազգային պարբերականների, այդ թվում՝ Վուդ Մակենզի (Wood Mackenzie), Մետալ Բյուլետին (Metal Bulletin) կամ համանման հեղինակությամբ միջազգային այլ պարբերականների կողմից մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալների վրա՝ հղում կատարելով համապատասխան աղբյուրին։ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով,
դ. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պահին կամ դրանից հետո արձանագրված` պայմանագրով նախատեսված ցուցանիշներից ավելի շեղումներով պայմանավորված իրացման շրջանառության նվազեցումները (այդ թվում՝ մատակարարված խտանյութում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (տուգանային տարրերի) համար պայմանագրով նախատեսված չափից ավելի գների նվազեցումները, խոնավության համար պայմանագրով նախատեսված թույլատրելի ցուցանիշի խախտման դեպքում պայմանագրի գնի նվազեցումները) հաշվի չեն առնվում,
ե. եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ սույն օրենքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում՝ սույն օրենքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 85 տոկոսի արտադրյալը,
զ. խտանյութի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են, և դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիի հաշվարկներում):
4. Ռոյալթի վճարողի կողմից ձուլվածքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.
1) ձուլվածքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված ձուլվածքի մատակարարման պայմանագրին համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով.
2) հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծություն (խտանյութի ֆիզիկական ծավալ) է համարվում ձուլվածքի կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված` տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը` խտանյութում մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).
3) ձուլվածքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մատակարարված ձուլվածքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները:
5. Ռոյալթի վճարողի կողմից խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.
1) վերջնական արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` արտադրանքի մատակարարման պայմանագրին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված բոլոր մետաղների կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով.
2) վերջնական արտադրանքում յուրաքանչյուր մետաղի համար ռոյալթիի հաշվարկման իմաստով հիմք է ընդունվում տվյալ մետաղի խտանյութի ֆիզիկական ծավալի (խտանյութում մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) տեխնոլոգիապես հիմնավորված այն հաշվարկային մեծությունը, որը ծախսվել է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված արտադրանքում պարունակվող տվյալ ծավալի մետաղի ստացման համար.
3) վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները:
6. Իրացման շրջանառության որոշման նպատակով, առանց խտանյութի ստացման հանքաքարի վերամշակումից հետո ստացվող ցանկացած արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում դրանում պարունակվող մետաղի փաստացի քանակությունը` գրամներով կամ տոննաներով: Սույն կետով սահմանված արտադրանքի օտարման դեպքում իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մետաղների վերջնական պարունակությունից (արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով), կիրառելով մետաղների միջազգային միջին գները:
7. Սույն օրենքի կիրառության իմաստով՝ մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները):
(13.3-րդ հոդվածը խմբ. 27.03.2019 ՀՕ-17-Ն, խմբ., փոփ., լրաց. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 13.4. |
Ռոյալթիի դրույքաչափը |
1. Սույն օրենքի 13.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ռոյալթիի հաշվարկման բազաների համար սահմանվում են ռոյալթիի հետևյալ դրույքաչափերը.
1) Բ1-ի համար՝ R1, որը հավասար է 4 տոկոսի.
2) Բ2-ի համար՝ R2, որը հավասար է 12,5 տոկոսի.
3) Բ3-ի համար՝ R3, որը հավասար է 15 տոկոսի:
(13.4-րդ հոդվածը խմբ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 13.5. |
Ռոյալթիի հաշվարկման կարգը |
Ռոյալթին հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` սույն օրենքի 13.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ռոյալթիի հաշվարկման բազաների և 13.4-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալով հաշվարկված գումարների հանրագումարով:
(13.5-րդ հոդվածը փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 13.6. |
Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը |
1. Ռոյալթիի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
(13.6-րդ հոդվածը խմբ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 13.7. |
Ռոյալթիի հաշվարկների ներկայացումը |
(վերնագիրը փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
1. Ռոյալթի վճարողները մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ սույն օրենքով սահմանված կարգով կազմում և հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ռոյալթիի հաշվարկները:
2. (մասն ուժը կորցրել է 22.12.22 ՀՕ-101-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 22.12.22 ՀՕ-101-Ն)
4. Նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված ռոյալթիի հաշվարկներում վճարողների կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված ռոյալթիի հաշվարկներ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է այդ ժամանակահատվածների համար ռոյալթիների պարտավորությունների վերահաշվարկ:
5. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո վճարողները հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող ճշգրտված ռոյալթիի հաշվարկներ չեն ներկայացնում:
6. (մասն ուժը կորցրել է 22.12.22 ՀՕ-101-Ն)
(13.7-րդ հոդվածը փոփ., խմբ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 13.8. |
Ռոյալթիի գումարի վճարումը |
(վերնագիրը խմբ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
1. Սույն օրենքի 13.5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
2. Ռոյալթի վճարողները պարտավոր են ընթացիկ հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 20-ը ներառյալ, կատարել ռոյալթիի կանխավճարներ` նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով: Տվյալ հաշվետու տարվա ընթացքում` մինչև նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի հաշվարկի ներկայացումը, ռոյալթի վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ հաշվետու տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս: Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիի հաշվարկը ներկայացնելուց հետո ռոյալթիի հաշվարկի ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև ռոյալթիի հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճողական հանրագումարով` ելնելով սույն մասով սահմանված չափից:
3. Այն ռոյալթի վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն`
1) որևէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի սահմանած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել.
2) որևէ օրվանից սկսած` որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել:
4. Սույն օրենքի 13.5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը պետական բյուջե է վճարվում մինչև տվյալ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
5. Ռոյալթիի հաշվարկի հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարի նկատմամբ տարվա ընթացքում ավելի վճարված ռոյալթիի կանխավճարի գումարը (ավելի մասը) հաշվանցվում կամ վերադարձվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
6. Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ռոյալթիների գումարներից ավելի վճարված գումարները, այդ թվում` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը, ռոյալթի վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են ռոյալթի վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ ֆինանսների բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած կարգով վերադարձվում են դիմումն ստանալու օրվանից հետո` երեսնօրյա ժամկետում:
(13.8-րդ հոդվածը լրաց. 27.05.21 ՀՕ-72-Ն, խմբ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
(13.8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաշվարկվող ռոյալթիի կանխավճարը 2023 թվականի հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար հաշվարկվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի 30 տոկոսի չափով` համաձայն 22.12.22 ՀՕ-101-Ն օրենքի)
|
Հոդված 13.9. |
Ռոյալթիի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունը |
Ռոյալթիների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են հարկային մարմինները:
(13.9-րդ հոդվածը փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
(2.1-ին գլուխը լրաց. 26.12.2012 ՀՕ-47-Ն)
ԳԼՈՒԽ 3
ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հոդված 14. |
Վճարողների իրավունքները |
Վճարողներն իրավունք ունեն՝
ա) վճարներ գանձող մարմիններից պահանջել կատարելու հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերահաշվարկ.
բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել վճարներ գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.
գ) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա վճարների գումարները.
դ) ստանալ համապատասխան տեղեկանք՝ վճարների վճարման մասին:
|
Հոդված 15. |
Վճարողների պարտականությունները |
Վճարողները պարտավոր են՝
ա) սույն օրենքին համապատասխան, սահմանված դրույքաչափերից ելնելով, ինքնուրույն հաշվարկել և ժամանակին վճարել վճարների գումարները.
բ) անհրաժեշտության դեպքում վճարները գանձող մարմիններին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ.
գ) ներկայացնել վճարների գծով արտոնության՝ իրենց իրավունքը հաստատող փաստաթղթերը.
դ) իրավասու մարմինների անցկացրած ստուգումների հետևանքով բացահայտված՝ թաքցված կամ պակաս ցույց տրված վճարների գումարների չափով ուղղումներ մտցնել հաշվապահական հաշվառումներում:
ԳԼՈՒԽ 4
ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հոդված 16. |
Վճարների արտոնությունները |
1. Արցախի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները՝ այդ ավտոմեքենաների համար:
2. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են՝
ա) դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.
բ) Արցախի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները: Արցախի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ բնույթի որոշում է Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը:
3. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարից ազատվում են Արցախի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքները:
4. Արտադրության և սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու (պահելու) համար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք՝ սպառման թափոնների համար:
(16-րդ հոդվածը լրաց. 01.10.2001 ՀՕ-167, փոփ. 04.02.21 ՀՕ-11-Ն, 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 17. |
Վճարների արտոնությունների սահմանումը |
Բնապահպանական վճարների այլ արտոնությունները սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից:
(17-րդ հոդվածը փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 18. |
Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են վճարողները, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:
Վճար վճարողի կողմից սույն օրենքով սահմանված հաշվարկներ չներկայացնելու կամ ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին տեղեկություններ (հաշվետվություններ) չներկայացնելու կամ ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների կամ ռոյալթիի հաշվարկման բազայի հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով վարելու, ինչպես նաև սույն հոդվածի 9-րդ կետում նշված դեպքերում հարկային մարմինը կարող է կիրառել վճարողների հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները անուղղակի եղանակներով գնահատելու` օրենքով սահմանված կարգը:
(երրորդ պարբերությունը հանվել է 27.03.2019 ՀՕ-17-Ն)
3. Վճարումներն (այդ թվում` ռոյալթիների կանխավճարների կատարումը) ուշացնելու համար վճարողներից գանձվում է տույժ՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0,075 տոկոսի չափով:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) վճարման օբյեկտի գծով վճարի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
4. Վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկները սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր լրացված 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված վճարի ընդհանուր գումարի հինգ տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ վճարի հաշվարկված ընդհանուր գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Սույն կետով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ վճարի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ վճարի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:
5. Սույն օրենքի 4 և 5 հոդվածներով սահմանված գործառույթներ իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ գործառույթն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են վճարման պարտավորություններ՝ սույն օրենքով սահմանված կարգով:
6. Վճարը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու (սահմանված հաշվարկներում վճարի գումարը ցույց չտալու, պակաս ցույց տալու կամ գործունեություն չիրականացնելու մասին կեղծ տվյալներ ներկայացնելու) դեպքում գանձվում է սույն օրենքին համապատասխան հաշվարկված՝ թաքցված կամ պակաս ցույց տրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում վճարը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում նաև տուգանք՝ վճարի ամբողջ գումարի չափով:
Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև վճարի օբյեկտ հանդիսացող գույք չունենալու դեպքում վճարողը ներկայացնում է հայտարարություն, որը համարվում է լիազոր և հարկային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի ամփոփ ձև:
7. Թաքցված կամ պակաս ցույց տրված վճարը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տույժերը և տուգանքները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների նկատմամբ նշված 15-օրյա ժամկետում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 15-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:
8. Վճարման պարտավորությունների գծով գումարի մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի որոշում կայացնել ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ: Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
9. Եթե լիազոր կամ հարկային մարմիններն ունեն փաստեր այն մասին, որ չմարված վճարային պարտավորություններ ունեցող վճարողները վերացնում (լուծարում) են վճարման պարտավորություն առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են դրանք, որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել սույն օրենքով սահմանված վճարները, ապա այդ մարմինները կարող են միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակաշրջանը դրանք գանձելու համար: Այդ դեպքում լիազոր կամ հարկային մարմինները կարող են պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկներ և օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր՝ մինչև դրանք ներկայացնելու ժամկետը լրանալը:
(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.10.2001 ՀՕ-167, խմբ., լրաց. 26.12.2012 ՀՕ-47-Ն, խմբ., լրաց., փոփ. 31.10.2013 ՀՕ-53-Ն, փոփ. 18.12.2014 ՀՕ-65-Ն, 21.12.2017 ՀՕ-65-Ն, 27.03.2019 ՀՕ-17-Ն, խմբ. 30.06.21 ՀՕ-85-Ն, փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 19. |
Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը |
Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(19-րդ հոդվածը փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 20. |
Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները |
1. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`
ա) տասնապատիկը` բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար վճարի հաշվարկման դեպքում.
բ) հնգապատիկը` պինդ օգտակար հանածոների օգտագործման համար վճարի հաշվարկման դեպքում.
գ) եռապատիկը` վճարի մյուս (բացառությամբ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի) տեսակների հաշվարկման դեպքում:
3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային ու լիազոր մարմինների ներկայացրած` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկներում արտացոլված ծավալների դրական տարբերությունն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման համար համամասնորեն բաշխվում է ստուգվող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների վրա:
4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի օբյեկտների համար սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`
1) հնգապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) մինչև 5 անգամ գերազանցող մասի համար.
2) տասնապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) 5-ից ավելի անգամ գերազանցող մասի համար:
Անկախ սույն մասի դրույթներից, Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա սահմանված` օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակները (սահմանափակումները) գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը:
5. Զրոյական չափաքանակների (սահմանափակումների)`
1) Ջրային օրենսգրքի համաձայն ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում` ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.
2) «Թափոնների մասին» օրենքով սահմանված կարգով թափոնների տեղադրման կամ պահման համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը`
ա. թափոնների տեղադրման սահմանաքանակները տրամադրված (հաստատված) չլինելու դեպքում,
բ. օրենքով սահմանված՝ չարտոնագրված աղբավայրերում թափոններ տեղադրելու կամ թափոնների պահման համար չնախատեսված վայրերում թափոններ պահելու դեպքում,
գ. թափոններ առաջացնողների կազմած թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու դեպքում,
դ. թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնողների կողմից թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը լիազոր մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում,
ե. թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանողների կողմից թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն լիազոր մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում.
3) Անտառային օրենսգրքի համաձայն բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագրեր (այդ թվում` անտառհատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդեր) չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի տասնապատիկը.
4) օրենսդրության համաձայն կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.
5) օրենսդրության համաձայն սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`
ա) տասնապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում ըստ վճարի օբյեկտների ներքոհիշյալ չափաքանակները`
|
փոշի |
2 |
տոննա |
|
ածխածնի մոնօքսիդ |
1.5 |
տոննա |
|
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) |
1.0 |
տոննա |
|
ծծմբային անհիդրիդ |
0.5 |
տոննա |
|
քլոր |
0.1 |
տոննա |
|
վճարի օբյեկտ հանդիսացող մյուս նյութերի համար |
0.05 |
տոննա, |
բ) քսանհինգապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները հավասար են կամ գերազանցում են ըստ վճարի օբյեկտների սույն կետի «ա» ենթակետում նշված չափաքանակները:
(20-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-208, խմբ., լրաց. 21.12.2005 ՀՕ-252, լրաց. 31.10.2013 ՀՕ-53-Ն, խմբ. 04.02.21 ՀՕ-11-Ն, փոփ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 21. |
Օրենքի կիրառման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը |
(վերնագիրը խմբ. 22.12.22 ՀՕ-101-Ն)
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունում է ֆինանսների բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ համաձայնեցնելով շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և հարկային մարմնի հետ:
(21-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-208, 31.10.2013 ՀՕ-53-Ն, 22.12.22 ՀՕ-101-Ն)
|
Հոդված 22. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
9 փետրվարի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-133 |
|