Համարը 
ՀՕ-47
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.01.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.02.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.02.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 27.10.2022թ. ՀՕ-69-Ն օրենքի հոդված 2-ը:

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ  1

ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետությունում շահութահարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Արցախի Հանրապետությունում շահութահարկ վճարողների շրջանակը, շահութահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը:

(1-ին հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 2.

Շահութահարկի հասկացությունը

 

Շահութահարկը հարկ վճարողների կողմից սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

 

Հոդված 3.

Շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքը

 

1. Շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե սույն օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկությունները:

2. Շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում հարկային պետական վարչության մարմնին գրավոր տեղեկացնում են իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին, եթե հարկատուին օրենքով կամ այլ իրավական ակտով վերապահված է նման ընտրության իրավունք:

3. Հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների: Սույն օրենքի կիրառման առումով օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ են համարվում ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատման արդյունքները, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որտեղ ուղղակիորեն նշված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է հարկվող շահույթի կամ շահութահարկի հաշվարկման նպատակով:

4. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն)

 

ԳԼՈՒԽ  II

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 4.

Շահութահարկ վճարողները

 

1. Արցախի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Արցախի Հանրապետության ռեզիդենտները (այսուհետ՝ ռեզիդենտ) և ոչ ռեզիդենտները, բացառությամբ Արցախի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով:

2. Սույն օրենքի իմաստով՝

ա/ ռեզիդենտ են համարվում Արցախի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների.

բ/ ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում, բացի Հայաստանի Հանրապետությունից, ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Արցախի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 31.05.2001 ՀՕ-153, փոփ. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 5.

Հարկվող օբյեկտը

 

1. Ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Արցախի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը:

2. Ոչ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Արցախի Հանրապետության աղբյուրներից ստացվող (սույն օրենքի 51 հոդված) հարկվող շահույթը:

(5-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 6.

Հարկվող շահույթը

 

Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և սույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է:

 

ԳԼՈՒԽ  III

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ

 

Հոդված 7.

Համախառն եկամուտը

 

1. Համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից:

Սույն օրենքի իմաստով՝

ա/ եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը.

բ/ սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը.

գ/ ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը՝ գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը.

դ/ պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն):

2. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես՝

ա/ ապրանքների, արտադրանքի (այսուհետ՝ նաև ապրանքներ) իրացումից ստացվող հասույթը.

բ/ ծառայությունների իրացումից ստացվող հասույթը.

գ/ հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը.

դ/ փոխառության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցում (այսուհետ՝ տոկոսներ).

ե/ վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցում (այսուհետ՝ վարձավճարներ).

զ/ գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ ցանկացած հեղինակային իրավունքից, արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից օգտվելու իրավունքի համար, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու իրավունքի համար, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ՝ ռոյալթի).

է/ շահաբաժինները.

ը/ ապահովագրական հատուցումները.

թ/ պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները.

ժ/ ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները.

ժա/ անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած կորստի դիմաց տրամադրվող պետական աջակցության, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների.

ժբ/ պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները.

ժգ/ տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով եկամուտները.

ժդ/ անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները.

ժե/ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները.

ժզ/ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները կամ դուրս չգրված դեբիտորական պարտքերի մարման դեպքում` սահմանված կարգով պահուստին կատարված մասհանումների գումարները, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտները, իսկ հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտները.

ժէ/ (կետն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-34-Ն)

ժը/ երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով ստացվող եկամուտները.

ժթ/ հավատարմագրային (լիազորագրային), կառավարման կամ ուրիշ ձևով այլ անձանց արժեթղթերը և ներդրումները կառավարելու, բրոքերային և ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող եկամուտները.

ի/ մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, զիջման կամ սպասարկման դիմաց ստացվող եկամուտները.

իա/ ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները.

իբ/ վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները.

իգ/ գույքագրման (այդ թվում` ստուգման) ժամանակ բացահայտված հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և այլ գույքի ավելցուկը, իսկ հարկատուի կողմից տիրազուրկ գույքի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ` դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում` տիրազուրկ գույքը: Գույքի ավելցուկը, տիրազուրկ գույքը գնահատվում է տվյալ հարկատուի մոտ առկա համանման արժեքով, իսկ այդ արժեքի բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով, որը ձևավորում է այդ գույքի սկզբնական (ձեռքբերման) արժեքը և համախառն եկամտի մեջ ներառվում է ամբողջությամբ տվյալ (գույքի ավելցուկի դեպքում` ավելցուկի հայտնաբերման, իսկ տիրազուրկ գույքի դեպքում` իրավունքների ճանաչման) հաշվետու ժամանակաշրջանում:

2.1. Սույն օրենքի իմաստով՝

1) դեբիտորական պարտք է համարվում հարկ վճարողին այլ անձանց (դեբիտորների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարը, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողին վճարման (վերադարձման) ենթակա պարտքի գումարների.

2) կրեդիտորական պարտք է համարվում հարկ վճարողի կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի (այդ թվում` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով) գումարը, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողի կողմից վճարման ենթակա պարտքի գումարների:

3. Սույն օրենքի իմաստով՝ ցպահանջ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց՝ գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ:

4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների դեպքում հարկատուի եկամուտները որոշվում են նշված սակագների կիրառման արդյունքում` գնորդներից (սպառողներից) ստացման ենթակա գումարների (իրացումից հասույթի) և պետական բյուջեից փաստացի ստացված սուբսիդիաների (իրացումից հասույթի) հանրագումարի չափով:

(7-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, լրաց. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն, լրաց. 04.02.21 ՀՕ-6-Ն, փոփ.11.02.21 ՀՕ-16-Ն, լրաց. 30.06.22 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 8.

Եկամուտ չհամարվող տարրերը

 

Սույն օրենքի իմաստով՝ եկամուտ չեն համարվում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները:

Սույն օրենքի իմաստով` եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված ակտիվների վերագնահատման դրական արդյունքը:

Սույն օրենքի իմաստով՝ եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում՝ անդամավճարները) և ծառայությունները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող՝ պետական կամ համայնքային բյուջեից տրամադրվող գումարները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա մեկից մինչև հավաստագրի գործողության ժամկետի ավարտը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից (բացառությամբ օտարմանը նախորդող առնվազն երկու տարի առաջ ձեռք բերված հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հաղորդակցական սարքավորանքի օտարման) ստացվող եկամուտները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների` էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ վարկի և այլ գումարները, մինչև դրանց անհուսալի ճանաչվելը և անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում:

(8-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-153, փոփ., լրաց. 22.12.2004 ՀՕ-166, լրաց. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, լրաց. 21.12.2017 ՀՕ-57-Ն, լրաց. 22.07.2019 ՀՕ-106-Ն, փոփ., լրաց.11.02.21 ՀՕ-16-Ն)

 

ԳԼՈՒԽ  IV

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 9.

Համախառն եկամտի նվազեցումները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել սույն գլխով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ): Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:

 

Հոդված 10.

Ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով:

Սույն օրենքի իմաստով՝

ա/ ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման.

բ/ անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

2. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես՝

ա/ նյութական ծախսերը.

բ/ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.

գ/ (կետն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-89-Ն)

դ/ ամորտիզացիոն մասհանումները.

ե/ ապահովագրական վճարները.

զ/ չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.

է/ վարկերի և այլ փոխառությունների տոկոսները, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով սահմանված դեպքի.

ը/ երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ ծառայությունների համար վճարները.

թ/ գովազդային ծախսերը.

ժ/ ներկայացուցչական ծախսերը.

ժա/ գործուղման ծախսերը.

ժբ/ դատական ծախսերը.

ժգ/ պատճառված վնասի հատուցումը.

ժդ/ տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ սույն օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված դեպքերի.

ժե/ աշխատողների հավաքագրման ծախսերը.

ժզ/ աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժէ/ ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ժը/ (կետն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-34-Ն)

ժթ/ հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը.

ի/ վարձու աշխատողի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարները։

3. Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման (և համապատասխան դեպքերում՝ այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 19.12.2007 ՀՕ-105, լրաց. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-89-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն, փոփ., լրաց. 27.06.2019 ՀՕ-71-Ն, փոփ. 11.02.21 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 11.

Ծախս չհամարվող տարրերը

 

Ծախս չեն համարվում՝

ա/ հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին՝ շահաբաժինների կամ նման այլ ձևով.

բ/ այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները.

գ/ հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

դ/ արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը.

ե/ ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում՝ անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը.

զ/ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, ինչպես նաև լուծարվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքները.

է) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա մեկից մինչև հավաստագրի գործողության ժամկետի ավարտը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից (բացառությամբ օտարմանը նախորդող առնվազն երկու տարի առաջ ձեռք բերված հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հաղորդակցական սարքավորանքի օտարման) ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը.

 ը/ ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը:

(11-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-153, փոփ. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ., լրաց. 21.12.2017 ՀՕ-57-Ն, փոփ., լրաց. 22.07.2019 ՀՕ-106-Ն)

 

Հոդված 12.

Ամորտիզացիոն մասհանումները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա, սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով՝ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված ժամկետներում:

2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածում սահմանված կարգով հաշվարկվում է՝ ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն հետևյալ նվազագույն ժամկետներից՝

 

ա/

շենքերի, շինությունների և անշարժ գույքի միավոր համարվող գծային

ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման և կապի

համակարգերի (այդ թվում` օդային և ստորգետնյա մալուխային գծերի) և դրանց հենասյուների, ջրարբիացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների և ջերմամատակարարման համակարգերի, ոռոգման համակարգերի, ջրամբարների) համար, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշվածների`

20տարի

բ/

հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան

տների, առողջարանների, կրթական և ուսումնական

 հաստատությունների շենքերի և շինությունների համար`

10տարի
բ.1/   արտադրական սարքավորումների համար` 5տարի

գ/

չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար`

3 տարի

դ/

հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար`

1 տարի

ե/

այլ հիմնական միջոցների, այդ թվում՝

բանող անասունների, բազմամյա տնկիների և

հողերի բարելավմանն ուղղված

կապիտալ ներդրումների համար`

8 տարի:

 

Պատերազմական գործողություններից տուժած գոտում գտնվող՝ սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված՝ պատերազմական գործողություններից տուժած գոտու տարածքը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:

3. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշում է հարկատուն՝ ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջիններիս որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի հարկատուի գործունեության ժամկետից:

4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն այլ ժամկետներ (այդ թվում՝ ինչպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի համար առաջին անգամ ամորտիզացիոն մասհանում հաշվարկելու պահին, այնպես էլ դրանից հետո), սակայն հիմնական միջոցների տվյալ խմբի համար սույն հոդվածի 2-րդ մասով, իսկ ոչ նյութական ակտիվների համար՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներից ոչ պակաս չափով: Սույն մասով սահմանված դեպքերում յուրաքանչյուր անգամ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի ամորտիզացիոն ժամկետը վերանայելուց հետո ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հաշվետու տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի՝ մինչև ամորտիզացիոն ժամկետի վերանայումն առկա հաշվեկշռային արժեքի և վերանայված ամորտիզացիոն ժամկետների հիման վրա հաշվարկված՝ ամորտիզացիոն մնացորդային ժամկետների հարաբերություն:

5. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես հիմնական միջոցի սկզբնական արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում՝ վերագնահատված արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում հիմնական միջոցի տվյալ խմբի կամ ոչ նյութական ակտիվի համար սահմանված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:

6. Մինչև հանքի շահագործման սկիզբը կատարված մակաբացման աշխատանքների գծով ճանաչված ակտիվներն ամորտիզացվում են հաստատված օգտակար հանածոյի ընդհանուր պաշարի արդյունահանմանը համամասնորեն՝ ներառվելով արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքում։ Հանքի շահագործումն սկսելուց հետո կատարված մակաբացման աշխատանքների գծով ծախսերը վերագրվում են մակաբացման աշխատանքների արդյունքում արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին: Մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(12-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-153, փոփ., լրաց., խմբ. 21.12.2017 ՀՕ-57-Ն, լրաց. 20.12.2018 ՀՕ-84-Ն, 04.02.21 ՀՕ-6-Ն)

 

Հոդված 13.

Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է՝

ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.

բ) վարձակալի մոտ վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով:

2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և՝

1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով,

2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:

3. Վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն չի նվազեցվում:

4. Սույն օրենքի իմաստով հիմնական միջոցների (այդ թվում՝ վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշերի և (կամ) չափերի հիման վրա:

(13-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-153, խմբ., փոփ., լրաց. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 14.

Բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների ծախսերը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների վրա հարկատուի կատարած ծախսերի չափով՝ սույն օրենքի 12 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

 

Հոդված 15.

Գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների ծախսերը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով՝ այդ ծախսերի կատարման տարվա ընթացքում ամբողջովին: Սույն օրենքի իմաստով՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 16.

Հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

ա/ վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները, ինչպես նաև ձեռքբերված վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ և բնական գազ) համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը.

բ/ Արցախի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, մարքեթինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում), կադրերի պատրաստման և վերապատրաստման համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

գ/ արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին՝ օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

դ/ Արցախի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Արցախի Հանրապետության տարածքում՝ օրապահիկի ծախսերի համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

ե/ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական, հովանավորչական, խորհրդատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

զ/ առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում՝ ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).

զ.1/ վարձու աշխատողի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների այն մասը, որը գերազանցում է տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7,5 տոկոսը.

է/ պետական կամ համայնքների բյուջեներ կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով օրենքով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից.

ը/ անհատույց տրամադրած ակտիվները, մատուցված ծառայությունները, ներված պարտավորությունները, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածում նախատեսված դեպքի.

թ/ միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները.

ժ/ սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում).

ժա/ հարկատուի կողմից արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը.

ժբ/ այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից.

ժգ/ վարկերի և փոխառության դիմաց վճարվող տոկոսների՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնակի չափը գերազանցող մասը.

ժդ/ բանկ կամ վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսները, եթե դրանք անտոկոս տրամադրվում են այլ անձանց, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ անձանց.

ժե/ բանկ կամ վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսների այն մասը, որը գերազանցում է այդ միջոցների հաշվին այլ անձանց տրամադրված վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսներին, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարների այն մասը, որը գերազանցում է այդ ոչ ընթացիկ ակտիվներն այլ անձանց ենթավարձակալության դիմաց ստացվող եկամուտներին.

ժզ/ բանկ, վարկային կազմակերպություն և պետության կողմից ստեղծված հիմնադրամ չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հաշվետու տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը հաշվետու տարվա արդյունքներով գերազանցում է՝

- շահութահարկ վճարողի (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը,

- բանկ կամ վարկային կազմակերպություն համարվող շահութահարկ վճարողի՝ հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության իննապատիկը.

ժէ) սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող, սակայն ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրված հիմնական միջոցների մասով սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը:

2. Եթե Արցախի Հանրապետության կառավարության կողմից սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«զ» ենթակետերով նախատեսված ծախսերի համար նվազեցման թույլատրելի չափը չի սահմանվում, ապա համախառն եկամուտը նվազեցվում է փաստացի կատարված ծախսերի ողջ գումարի չափով:

(16-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-189, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 19.12.2007 ՀՕ-105, փոփ. 24.06.2009 ՀՕ-41-Ն, փոփ., լրաց. 16.12.2010 ՀՕ-63-Ն, փոփ. 27.12.2011 ՀՕ-94-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն, լրաց., փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն, լրաց., փոփ. 27.06.2019 ՀՕ-71-Ն, փոփ., լրաց. 04.02.21 ՀՕ-6-Ն, փոփ. 27.10.22 ՀՕ-69-Ն)

(27.10.22 ՀՕ-69-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 17.

Անվավեր ճանաչված գործարքների հետևանքով առաջացած ծախսերը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի մյուս կողմին վերադարձվող միջոցների գումարի չափով:

 

Հոդված 18.

Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման և նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում՝ այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:

2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ 100 000 ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

(18-րդ հոդվածը փոփ. 06.02.2002 ՀՕ-189, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն, լրաց. 04.02.21 ՀՕ-6-Ն)

 

Հոդված 19.

Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`

1) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարների չափով.

2) (կետն ուժը կորցրել է 14.06.2019 ՀՕ-58-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 18.10.2000 ՀՕ-116)

(19-րդ հոդվածը փոփ. 18.10.2000 ՀՕ-116, խմբ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն, փոփ. 14.06.2019 ՀՕ-58-Ն)

 

Հոդված 20.

Նախորդ տարիներին ավել ցույց տրված եկամտի նվազեցումը

(20-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 21.

Բնական և այլ կորուստները

  (վերնագիրը փոփ. 31.05.2001 ՀՕ-153)

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող՝ փաստաթղթերով հիմնավորված բնական կամ փաստացի այլ կորուստների չափով՝ դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում, եթե Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ:

2. Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված բնական կամ փաստացի այլ կորուստների չափեր սահմանված չլինելու կամ դրանք գերազանցող կորստի դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է այդ կորստի չափով՝

ա/ վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցվելու դեպքում՝ կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման տարում կամ՝

բ/ վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունվելու դեպքում՝ վերջինիս ընդունման տարում կամ՝

գ/ անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում՝ վերջինիս ուժի մեջ մտնելու տարում:

(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 31.05.2001 ՀՕ-153, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 22.

Պատահական կորուստները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի պատահական կորուստների չափով՝ դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում:

2. Սույն օրենքի իմաստով՝ պատահական կորուստ են համարվում հարկատուի գույքի փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստը, ոչնչացումը, վնասումը կամ որակական հատկանիշների անկումը, որը տեղի է ունենում հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների (ներառյալ՝ օրենքով սահմանված ապահովագրական պատահարները) հետևանքով:

 

Հոդված 23.

Բարեգործական և այլ անհատույց հատկացումները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է՝

ա/ ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան՝ համախառն եկամտի 0.25 տոկոսի չափով.

բ/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-153)

(23-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-153)

 

Հոդված 231.

Ուսման վարձի զեղչերը

(231-րդ հոդվածը լրաց. 24.06.2009 ՀՕ-41-Ն, գործողությունը դադարեցվել է 01.01.2011)

 

Հոդված 24.

Անհատույց ստացված ակտիվները

 

1. Սույն օրենքի իմաստով անհատույց ստացված ակտիվները (բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հաշվետու տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:

2. Սույն օրենքի իմաստով դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հաշվետու տարում, բացառությամբ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացված նպատակային դրամական միջոցների, որոնք եկամուտ են համարվում այն հաշվետու տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս` անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հաշվետու տարում:

3. Սույն օրենքի իմաստով հողամասերը եկամուտ են համարվում տասը հաշվետու տարիների ընթացքում, ներառյալ՝ դրանց ստացման հաշվետու տարին՝ յուրաքանչյուր հաշվետու տարում հավասարաչափ: Եթե սույն մասով սահմանված ժամանակահատվածում անհատույց ստացված հողամասն օտարվում է, ապա հողամասի արժեքի՝ դեռևս եկամուտ չհամարված մասը եկամուտ է համարվում հողամասի օտարման հաշվետու տարում:

Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված ակտիվի սեփականության իրավունքի ճանաչման դեպքերում:

(24-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 26.02.2003 ՀՕ-34, 26.12.2012 ՀՕ-34-Ն, խմբ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 25.

Հարկատուի գործունեությունից վնասները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի՝ նախորդ տարիներին ունեցած վնասների չափով, բացառությամբ կազմակերպությունների միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի: Հարկատուի գործունեությունից վնասը սույն օրենքով սահմանված նվազեցումների գերազանցումն է համախառն եկամտի նկատմամբ:

2. Սույն նվազեցման կիրառման նպատակով հաշվետու և նախորդող տարիներին հարկատուի գործունեությունից վնաս ունենալու դեպքում այն փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 3 տարիներ:

3. Անկախ սույն հոդվածի դրույթներից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած կորստի դիմաց պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող հարկ վճարողների 2020 թվականին ունեցած վնասը ենթակա չէ փոխանցման վնասի ստացման տարվան հաջորդող տարիներ:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-153, 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, 30.06.22 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 26.

Շահաբաժինները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի ստացած շահաբաժինների գումարի չափով, բացառությամբ սույն օրենքի 54 հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքի:

Սույն օրենքի իմաստով՝ շահաբաժին է համարվում այլ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) ստացված եկամուտը:

 

Հոդված 27.

Հետ գնված մասնակցության իրացումը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով, եթե տվյալ բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայաբաժինները հետ են գնվել օրենքի պահանջի ուժով:

 

Հոդված 28.

Լուծարվող իրավաբանական անձից ստացված մնացորդային գույքը

 

Իրավաբանական անձի լուծարման դեպքում հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի բաժնետոմսերի (փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և բաժնեմասի հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով:

 

Հոդված 29.

Հարկման նպատակով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց համախառն եկամտի նվազեցումները

(վերնագիրը լրաց. 26.02.2003 ՀՕ-34, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)

 

Հարկման նպատակով բանկերի համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-28 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև՝

ա/ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների և (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ/ հաճախորդների բանկային ավանդների և ներգրավված փոխառությունների վրա հաշվեգրված տոկոսների չափով.

գ/ բանկի և վարկային կազմակերպության պարտքի հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի, ներառյալ՝ մուրհակները) գծով հաշվեգրված տոկոսների, այդ թվում՝ պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտ) գումարների չափով.

դ/ ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի և վարկային կազմակերպության վճարած միջնորդական վճարների, այդ թվում՝ հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվների վարման ծախսերի, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց վճարի և համանման այլ ծախսերի չափով.

ե/ կանխիկ դրամի, չեկերի, վճարային այլ փաստաթղթերի տեղափոխման (ինկասացիա) դիմաց, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում՝ կանխիկ դրամի համալրման, բանկին և վարկային կազմակերպությանը և նրանց հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման և առաքման ծախսերի չափով.

զ/ հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.

է/ բանկի և վարկային կազմակերպության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ վճարային միջոցներ (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստելու, թողարկելու, ի պահ ընդունելու և ներդնելու հետ կապված ծախսերի չափով.

ը/ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ), պարտքի այլ հանձնառություններ և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթեր թողարկելու հետ կապված ծախսերի (թողարկման ազդագրերի նախապատրաստման, արժեթղթերի ձևաթղթերի ձեռքբերման, տպագրման ծախսեր, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումներ և այլն) չափով.

թ/ կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով բանկի և վարկային կազմակերպության կրած կորուստների չափով.

ժ/ բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան զինծառայողների՝ հաշվեկշռում և (կամ) հետհաշվեկշռում հաշվառվող վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) զիջելու (կամ ներելու) դեպքում՝ այդ գումարների (կամ դրանց մի մասի) չափով.

ժա/ բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ հաշվեկշռում և (կամ) հետհաշվեկշռում հաշվառվող վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զիջելու (կամ ներելու) դեպքում՝ այդ գումարների (կամ դրանց մի մասի) չափով.

ժբ) ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի և վարկային կազմակերպությունների հարկվող օբյեկտի որոշման նպատակով այդ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն դեռևս անհուսալի չճանաչված ակտիվները (ներառյալ՝ վարկի գումարը, տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու և այդ մասով ակտիվների հնարավոր կորուստների պահուստին մինչև այդ մասհանումներ կատարած լինելու դեպքում` պահուստին ուղղված գումարների չափով համախառն եկամտում վերականգնելու դեպքում՝ անկախ սույն հոդվածի «ժա» կետի դրույթներից։

(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.02.2003 ՀՕ-34, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ., լրաց. 30.09.2015 ՀՕ-41-Ն, լրաց. 30.06.2016 ՀՕ-18-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն, 04.02.21 ՀՕ-6-Ն, փոփ., լրաց. 11.02.21 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 30.

Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամտի նվազեցումները

 

Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-28 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև՝

ա/ ապահովագրական (վերաապահովագրական) հատուցումների վճարումների չափով.

բ/ վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարների չափով.

գ/ կանխարգելիչ միջոցառումների պահուստների մասհանումների, ապահովագրողներին կամ ապահովադիրներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման կամ առաքման ծախսերի չափով.

դ/ (կետն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-34-Ն)

ե/ ապահովագրական գործակալներին և բրոքերներին վճարվող կոմիսիոն վարձատրության չափով.

զ/ հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.

է/ ապահովագրական ընկերությունների գործունեության ապահովման համար անհրաժեշտ վճարային միջոցների (ճանապարհային չեկեր, պլաստիկ քարտեր և այլն) պատրաստման, թողարկման, ի պահ ընդունման և ներդրման հետ կապված ծախսերի չափով.

ը/ կյանքի ապահովագրության գծով (ներառյալ` կենսաթոշակային ապահովագրության) կուտակային հաշիվներին հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսային ծախսերի չափով,

թ/ ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչված ծախսերի չափով:

(30-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 31.

Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը

 

1. Արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի (նյութական, արտադրական գործընթացներում, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործընթացներում ներգրավված անձնակազմի աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության, գործատուի կողմից այդ անձնակազմի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարների և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացման համապատասխան:

2.Առևտրական գործունեություն իրականացնող հարկատուների՝ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացման համապատասխան:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված ակտիվների (հիմնական միջոցների և այլ ակտիվների) մնացորդային արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են դրանց իրացման համապատասխան:

4. Հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (կառավարման անձնակազմի աշխատավարձ, սոցիալական ապահովություն, գործատուի կողմից այդ անձնակազմի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարներ, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և վարչական նշանակության հիմնական միջոցների պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում և այլն), արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն) և ոչ արտադրական այլ ծախսերի (գյուտարարական և նորարարական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքների և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են:

5. Հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ, գույքի երկարատև վարձակալության դիմաց տոկոսներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքի մեջ:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում:

 (31-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-105, խմբ. 16.12.2010 ՀՕ-63-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ., լրաց. 27.06.2019 ՀՕ-71-Ն)

 

ԳԼՈՒԽ  V

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 32.

Ռեզիդենտների շահութահարկի դրույքաչափերը

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործունեության տեսակների, շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար` 10 տոկոս դրույքաչափով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից` 5 տոկոս դրույքաչափով:

2. Վարկային կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և (կամ) արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձանց` գործունեության այդ մասով ստացած եկամուտների, ինչպես նաև ստացվող այլ եկամուտների դիմաց շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ 18 տոկոս դրույքաչափով:

(32-րդ հոդվածը խմբ. 29.12.1999 ՀՕ-91, 18.10.2000 ՀՕ-116, 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 14.09.2005 ՀՕ-216, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ. 23.12.2015 ՀՕ-64-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն, լրաց. 20.12.2018 ՀՕ-84-Ն, փոփ.11.02.21 ՀՕ-16-Ն)

 

(32-րդ հոդվածի 2-րդ մասի փոփ-ը գործում է մինչև 2023թ.-ի դեկտեմբերի 31-ը, համաձայն 11.02.21 ՀՕ-16-Ն օրենքի)

 

Հոդված 33.

Շահութահարկին փոխարինող վճարները

(վերնագիրը խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)

 

Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող առևտրի հարկ կամ հաստատագրված վճարներ:

(33-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)

Հոդված 34.

Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկումը
      (34-րդ հոդվածն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-153)

    Հոդված 341. Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկումը

Շահութահարկի տարբեր դրույքաչափերով (այդ թվում՝ շահութահարկին փոխարինող առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով) հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուն շահութահարկը վճարում է գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված առանձին դրույքաչափով: Այդ նպատակով հարկատուն վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում՝ ըստ գործունեության առանձին տեսակների:

(341-ին հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-34, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)

 

ԳԼՈՒԽ  VI

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 35.

Գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտը

 

1. Շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները՝ իրենց կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

2. Սույն հոդվածի իմաստով՝ գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող՝

- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.

- տեխնիկական մշակաբույսերը.

- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.

- դաշտային մշակման կերային մշակաբույսերը.

- կերարտադրության այլ արտադրանքը.

- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.

- ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.

- ծառերի և թփերի սածիլները.

- ծառերի և թփերի տնկիները.

- անասնաբուծության արտադրանքը.

- խոզաբուծության արտադրանքը.

- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.

- թռչնաբուծության արտադրանքը.

- ձիաբուծության, իշաբուծության և ջորեբուծության արտադրանքը.

- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.

- ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.

- ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:

3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է՝ հիմնվելով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:

4. (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-153)

(35-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-153, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 35.1.

Ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտը

 

Շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուները` իրենց կողմից ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի մասով:

(35.1-ին հոդվածը լրաց. 18.12.2013 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 36.

Հասարակական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական կուսակցությունները

(36-րդ հոդվածն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-153)

 

Հոդված 37.

Հաշմանդամներին տրվող վճարումները

 

Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով:

 

Հոդված 37.1.

Աշկերտին տրվող վճարումները

 

Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է (աշկերտության պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում) հարկատուի մոտ վարձու աշխատող` արհեստագործական ուսումնական հաստատությունում սովորող յուրաքանչյուր աշկերտի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով:

(37.1-ին հոդվածը լրաց. 26.11.2015 ՀՕ-54-Ն)

 

 

Հոդված 38.

Ներդրում ունեցող ռեզիդենտի արտոնությունները
(վերնագիրը խմբ. 29.12.1999 ՀՕ-91)

 

1. Եթե ռեզիդենտի (բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 18 տոկոս դրույքաչափով հարկվող, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովին հայտ ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է` հայտ ներկայացնելու տարում և դրան հաջորդող երկու տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:

Սույն մասով սահմանված արտոնության ժամկետում՝ հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով՝ գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:

Սույն հոդվածի կիրառման նպատակով.

ա) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված՝ ակտիվների ներհոսքը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).

բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը տարածվում է միայն այն ներդրումների վրա, որոնք ուղղվում են արտադրական բնույթի հիմնական միջոցների, հողամասերի և (կամ) կենսաբանական ակտիվների ձեռքբերմանը (կառուցմանը, փոխակերպմանը):

Սույն հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:

Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը կիրառվում է միայն մեկ անգամ:

2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը հարկատուն, իր հայեցողությամբ, հարկային պետական վարչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է օգտվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված արտոնությունից:

(38-րդ հոդվածը խմբ. 29.12.1999 ՀՕ-91, լրաց. 06.02.2002 ՀՕ-189, լրաց. 26.02.2003 ՀՕ-34, խմբ., փոփ., լրաց. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, խմբ., լրաց. 29.09.2016 ՀՕ-26-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն, լրաց., փոփ. 20.12.2018 ՀՕ-84-Ն, խմբ. 11.02.21 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 38.1. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողները, բացառությամբ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող հարկ վճարողների` գործունեության այդ մասով:

(38.1-ին հոդվածը լրաց.11.02.21 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 39.

Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգումը
(39-րդ հոդվածն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-153)

 

Հոդված 391. Մինչև 2009 թվականի հունվարի 1-ը իրականացված՝ խմելու ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով բնակչությանը,  Արցախի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, իսկ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը` ոռոգման ջրի մատակարարման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:

(391-ին հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-189, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 22.03.2006 ՀՕ-273, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 40.

Առանձին օրենքներով հարկային արտոնությունների սահմանումը

 

Օրենքով կարող են սահմանվել շահութահարկից ազատելու և Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնություններ:

(40-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

ԳԼՈՒԽ  VII

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 41.

Հաշվեգրման եղանակով հաշվառումը

 

Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:

Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում հարկատուն եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ համապատասխանաբար ելնելով հարկատուի կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

 

Հոդված 42.

Հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվառման առանձնահատկությունները

 

Հաշվեգրման եղանակով եկամուտները հաշվառելիս հարկատուն հաշվի է առնում հետևյալ առանձնահատկությունները՝

ա/ եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է հարկատուին անվերապահ վճարման (հատուցման), կամ հարկատուն կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս.

բ/ հարկատուի կողմից ծառայություններ մատուցվելու դեպքում նշված իրավունքը համարվում է ձեռք բերված՝ գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու (այդ թվում նաև՝ ըստ փուլերի) պահից.

գ/ տոկոսների տեսքով կամ գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտներ ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված՝ պարտքի կամ վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու պահից: Եթե պարտքի կամ վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջաններում եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան.

դ/ շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը.

ե/ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար գույքահարկով և հողի հարկով հարկման բազայից (հարկվող օբյեկտից) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ավելացված արժեքի հարկի) դեպքում գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի) և փաստացի հատուցման գումարի (առանց ավելացված արժեքի հարկի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, գործարքի կատարման օրը ներառվում է նոր սեփականատիրոջ եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում նոր սեփականատիրոջ մոտ ներված պարտավորություն չի առաջանում.

զ/ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց համար գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի), իսկ դրա բացակայության դեպքում` գույքահարկով և հողի հարկով հարկվող օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի (հարկվող օբյեկտի) հինգ տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ավելացված արժեքի հարկի) դեպքում գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի), իսկ դրա բացակայության դեպքում` գույքահարկով և հողի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի (հարկվող օբյեկտի) հինգ տոկոսի և փաստացի վարձակալական վճարի (առանց ավելացված արժեքի հարկի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, սույն հոդվածի «գ» կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ որոշված եկամտի և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:

Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե սույն կետով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).

է/ եթե Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարը, կնքված պայմանագրի համաձայն, ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա՝ ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա այդ ապրանքի մատակարարման դեպքում եկամուտը որոշվում է օտարերկրյա բորսայի կամ հանդեսի կողմից հրապարակվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից): Սույն կետի կիրառության իմաստով՝

- եկամտի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ՝ հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը,

- ապրանքի մատակարարման գործարքների դեպքում ապրանքի մատակարարման դիմաց եկամտի ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց եկամտի վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկում՝ որպես եկամտի ավելացում կամ պակասեցում:

(42-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

ԳԼՈՒԽ  VIII

 

ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 43.

Շահութահարկի գումարի որոշումը

 

1. Հարկատուները շահութահարկի գումարները որոշում են յուրաքանչյուր տարվա արդյունքներով՝ սույն օրենքի V գլխով սահմանված դրույքաչափերով:

2. Շահութահարկի հաշվարկման նպատակով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային պետական վարչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

 

Հոդված 44.

Կենտրոնացված կարգով շահութահարկի վճարումը

 

Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն ձեռնարկությունների ցանկը, որոնց թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով:

(44-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 45.

Շահութահարկի հաշվարկի ներկայացումը
(վերնագիրը փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, 26.12.2012 ՀՕ-34-Ն)

 

1. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը, ներկայացնում են հարկային մարմնի սահմանած ձևով շահութահարկի հաշվարկ:

2. Շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետի մեջ ներառվում է նաև սույն հոդվածում նշված օրը, իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

3. Շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում)՝

ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.

բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չեն համարվում.

գ) միայն հաստատագրված վճարով և առևտրի հարկով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուները:

(45-րդ հոդվածը խմբ. 29.12.1999 ՀՕ-91, լրաց. 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 26.02.2003 ՀՕ-34, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ. 18.12.2013 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 45.1.

Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները

 

1. Տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ սույն հոդվածով սահմանված կարգով:

Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում՝ ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի (սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված դեպքում` նաև ներդրման ընդհանուր արժեքի նկատմամբ սահմանված չափը գերազանցող շահութահարկի) նվազեցման չափով (տոկոսով)՝ արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը: 

2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ տասնվեցերորդի չափով՝ տվյալ ամսվա 20-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ: Շահութահարկի դրույքաչափի փոփոխություն նախատեսող օրենքն ուժի մեջ մտնելու տարվա ընթացքում սույն մասով սահմանված կանխավճարների մուծումները համամասնորեն բարձրացվում կամ նվազեցվում են:

Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի, ընթացիկ տարվա կանխավճարների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն օրենքի 50-րդ հոդվածին համապատասխան՝ նախորդ տարում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի հաշվանցվող գումարների դրական տարբերությունը, ինչպես նաև նախորդ տարվա առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները՝ հաշվի առնելով շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված առանձնահատկությունը:

Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային պետական վարչության մարմիններին այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Նոր հիմնադրված հարկատուն կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը:

4. Այն հարկատուն, որը`

1) հարկային մարմին է ներկայացրել գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար շահութահարկի կանխավճարներ չկատարել.

2) նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 100 000 ՀՀ դրամը, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:

5. Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով:

Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 2-րդ մասում նշված չափերով:

6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ` հարկային մարմիններին ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ՝ փաստացի ստացված շահութահարկի մեկ տասնվեցերորդի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ՝ կանխավճարի վճարման համար սույն օրենքի 45.1 հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային պետական վարչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Հարկային մարմին գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություններ կայացված լինելու դեպքում հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար տույժեր չեն հաշվարկվում:

7. Հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթից, հաշվարկում է շահութահարկի գումարը՝ դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:

8. Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման՝ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային պետական վարչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, բայց ապրիլի 20-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն, բացառությամբ սույն հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքի:

8.1. Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև հարկային մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված տույժերը վերահաշվարկվում են և ենթակա են վերադարձման «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

9. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային պետական վարչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Շահութահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկն սկսվում է ապրիլի 20-ից՝ շահութահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

(45.1-րդ հոդվածը լրաց. 29.12.1999 ՀՕ-91, փոփ. 31.05.2001 ՀՕ-153, լրաց., փոփ. 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, լրաց. 29.12.2008 ՀՕ-80-Ն, լրաց. 16.12.2010 ՀՕ-63-Ն, փոփ. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.12.2013 ՀՕ-64-Ն, փոփ. 18.12.2014 ՀՕ-58-Ն, խմբ. 23.12.2015 ՀՕ-64-Ն, լրաց. 20.12.2018 ՀՕ-84-Ն)

 

Հոդված 46.

Անվճարունակ ճանաչելու գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

 

1. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն՝ բանկը (վարկային կազմակերպությունը, ապահովագրական ընկերությունը կամ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձը) լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հարկատու բանկը (վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը կամ ապահովագրական ընկերությունը) շահութահարկի վճարումները կասեցնում է մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան՝ պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

2. Կազմակերպությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն՝ հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան՝ պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

(46-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 26.02.2003 ՀՕ-34, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 47.

Լուծարման գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

 

Առանց անվճարունակության ընթացակարգ անցնելու լուծարվող հարկատուի շահութահարկի վճարումները կասեցվում են լուծարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան՝ պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

 

Հոդված 48.

Շահութահարկի գումարի վճարումը

 

Հարկատուն պարտավոր է շահութահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

(48-րդ հոդվածը փոփ. 18.12.2013 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 49.

Շահութահարկի հաշվարկների ճշտումը

 

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում հարկատուն կարող է հարկային մարմիններին օրենքով սահմանված դեպքերում ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

(49-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 50.

Օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի գումարի հաշվանցումը

 

Արցախի Հանրապետությունում հարկատուի եկամտի գումարից գանձվող շահութահարկը նվազեցվում է շահութահարկի այն գումարի չափով, որը գանձվել է ռեզիդենտներից օտարերկրյա պետություններում՝ նրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող շահութահարկի գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից՝ սույն օրենքին համապատասխան Արցախի Հանրապետությունում վճարման ենթակա շահութահարկի գումարը:

Եթե սույն հոդվածի առաջին մասի համաձայն նվազեցման ենթակա գումարը գերազանցում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորությունը, ապա գերազանցող գումարը նվազեցվում է հարկատուի հաջորդ տարիների շահութահարկի գումարից:

(50-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-153, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 501. Արցախի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շահութահարկին փոխարինող առևտրի հարկ կամ հաստատագրված վճար վճարողների համար` առևտրի հարկի կամ հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով, բացառությամբ՝                                                     

ա) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքով տվյալ հարկ վճարողի համար նախատեսված է սուբսիդիայի հատկացում.

բ) եթե տվյալ հարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած վնասները փոխհատուցման ենթակա չեն:                                 

(501-րդ հոդվածը լրաց. 17.12.2003 ՀՕ-89, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

ԲԱԺԻՆ  2

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ  IX

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 51.

Արցախի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտները

 

1. Սույն օրենքի իմաստով՝ Արցախի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում՝

ա) Արցախի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները.

բ) ոչ ռեզիդենտի՝ ռեզիդենտից կամ ոչ ռեզիդենտից ստացված պասիվ եկամուտները.

գ) Արցախի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները.

դ) Արցախի Հանրապետության տարածքից դուրս Արցախի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը սույն հոդվածի 5-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները:

2. Արցախի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ են համարվում, մասնավորապես՝

ա) Արցախի Հանրապետությունում արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտը՝ անկախ վճարման վայրից.

բ) Արցախի Հանրապետությունում միջնորդական գործունեությունից ստացված եկամուտը.

գ) կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, եթե դրանք համարվում են ծախս՝ վճարող ստորաբաժանման կամ վայրի համար:

3. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրելով), Արցախի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, այսինքն՝

ա) շահաբաժինները.

բ) տոկոսները.

գ) ռոյալթիները.

դ) Արցախի Հանրապետությունում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտը.

ե) Արցախի Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի և այլ ակտիվների հավելաճը.

զ) այլ պասիվ եկամուտները:

4. Այլ եկամուտներ են համարվում սույն հոդվածի նախորդ կետերում չնշված եկամուտները, որոնք, մասնավորապես, ստացված են՝

ա) կառավարման ծառայությունների դիմաց.

բ) գույքը արդյունավետ օգտագործելու կամ տրամադրված իրավունքներից արդյունավետ օգտվելու համար անհրաժեշտ օգնություն ցույց տալու դիմաց.

գ) սարքավորումների, հոսքագծերի, մեխանիզմների և հարմարանքների տեղակայման և շահագործման համար անհրաժեշտ օգնություն ցույց տալու դիմաց.

դ) ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարներից, եթե այլ բան չի նախատեսված Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև ապահովագրական հատուցումներից.

ե) ցանկացած գիտական, արդյունաբերական կամ առևտրային նախագծի, պլանի, գործընթացի (պրոցեսի) կամ համատեղ ձեռնարկի ղեկավարումն իրականացնելու հետ կապված խորհրդատվությունների, օգնության և այլ ծառայությունների դիմաց.

զ) օտարերկյա ընկերության կողմից իր դուստր ձեռնարկությանը մատուցված ծառայությունների և խորհրդատվությունների դիմաց՝ կապված Արցախի Հանրապետությունում վերջինիս ծավալած ձեռնարկատիրական գործունեության հետ, ինչպես նաև ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված խորհրդատվությունների և այլ ծառայությունների դիմաց.

է) բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց.

ը) ձեռնարկությունների հետ առևտրական միջնորդության պայմաններով ապրանքներն օտարերկյա պետություններից ներկրելու և Արցախի Հանրապետությունում իրացնելու դիմաց: Ընդ որում, այս դեպքում, Արցախի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտ է համարվում ոչ ռեզիդենտին վճարված՝ նրա կողմից նշանակված իրացման և ավելի ձեռնտու գնի (որով միջնորդ ձեռնարկությունը փաստորեն իրականացրել է իրացման համար մատակարարված ապրանքի վաճառքը) տարբերությունը կամ տարբերության՝ ոչ ռեզիդենտին պատկանող մասը:

5. Արցախի Հանրապետության տարածքից դուրս Արցախի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներ են համարվում խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարքեթինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններից ստացված եկամուտները:

(51-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, խմբ., լրաց. 18.12.2013 ՀՕ-64-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 52.

Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը և գործունեության վայրը

 

1. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը Արցախի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանումն է:

2. Ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայրը Արցախի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտի ձեռնարկատիրական գործունեության իրականացման փաստացի վայրն է:

Վայր կարող են համարվել, մասնավորապես, ոչ ռեզիդենտի՝ Արցախի Հանրապետությունում գտնվող գրասենյակը, գործակալությունը, գործարանը, ֆաբրիկան, արտադրամասը, հանքահորը, հանքավայրը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարները հետախուզելու, արդյունահանելու և շահագործելու վայրը, պայմանագրով իրականացվող շինարարական, տեղակայման, մոնտաժային, կարգավորման, հավաքման, հետազոտման աշխատանքների, սարքավորումների սպասարկման, խորհրդատվական, այլ մասնագիտական ծառայություններ մատուցելու, այդ աշխատանքները վերահսկելու վայրը:

Ձեռնարկատիրական գործակալի միջոցով գործունեություն իրականացնելու դեպքում ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայր է համարվում ձեռնարկատիրական գործակալի գտնվելու վայրը:

3. Ձեռնարկատիրական գործակալ է ռեզիդենտ համարվող իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ ֆիզիկական անձը, որի գործունեությունը ոչ ռեզիդենտի կողմից վերահսկվում է հանձնարարության պայմանագրի, լիազորագրային կառավարման պայմանագրի կամ լիազորագրի հիման վրա կամ այլ ձևով, և որը ոչ ռեզիդենտի (լիազորող անձի) համար գործունեություն է իրականացնում, մասնավորապես, հետևյալ նպատակների համար.

ա) գնումներ կազմակերպելու, գնումներ կատարելու և այլ պայմանագրեր կնքելու.

բ) երրորդ անձանց հետ գործակալական պայմանագրային հարաբերություններ հաստատելու, լիազորող անձին պատկանող ապրանքները կանոնավոր ձևով կուտակելու, պահեստավորելու և լիազորող անձի անունից այլ անձանց այդպիսի ապրանքներ առաքելու.

գ) առևտրական պայմանագրեր կնքելիս կամ գնման պատվերներ կատարելիս լիազորող անձին ներկայացնելու:

(52-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

ԳԼՈՒԽ  X

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հոդված 53.

Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները

 

1. Սույն օրենքի իմաստով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում`

1) ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը, եթե այդ ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է ռեզիդենտ շահութահարկ վճարողի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն Արցախի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից.

2) սույն մասի 1-ին կետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրության և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, եթե այդ աշխատանքները կատարվել և (կամ) ծառայությունները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, մատուցվել են ապրանքը մատակարարող ոչ ռեզիդենտի կողմից.

3) ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Արցախի Հանրապետության տարածքից դուրս ռեզիդենտին կամ մշտական հաստատության միջոցով Արցախի Հանրապետությունում գործունեություն իրականացնող այլ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը:

2. Ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացած եկամուտը հարկման ենթակա չէ:

3. Եթե ոչ ռեզիդենտի և այլ անձի միջև ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նույնանման գործարքներում սովորաբար առկա պայմաններից, ապա ցանկացած եկամտի նկատմամբ, որը կարող էր հաշվեգրել եկամուտները վճարող անձը, բայց ստեղծված պայմանների պատճառով չի հաշվեգրել, հարկային մարմինները կարող են իրականացնել հարկային ճշգրտում՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն Արցախի Հանրապետությունում, այլև՝ նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն կարող է որոշվել հաշվարկի հիման վրա՝ հարկատուի և հարկային պետական վարչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով: Համաձայնեցված եղանակը հիմք է ծառայում հարկվող շահույթը որոշելիս, քանի դեռ չկա դրա փոփոխման համար բավարար ծանրակշիռ պատճառ:

5. Արցախի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի գործունեությունից ստացված հարկվող շահույթը կարող է որոշվել ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթում Արցախի Հանրապետությունում գործունեությունից ստացված ապրանքների (ծառայությունների) իրացումից ընդհանուր հասույթի տեսակարար կշռով, ինչպես նաև ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսերում Արցախի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսերի տեսակարար կշռով կամ ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում Արցախի Հանրապետությունում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով:

6. Շահութահարկի հաշվարկման նպատակով, «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում, հարկային պետական վարչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

(53-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 54.

Համախառն եկամտի նվազեցումը

 

1. Ստորաբաժանման կամ վայրի հարկվող շահույթը որոշելիս թույլատրվում է ոչ ռեզիդենտի կողմից Արցախի Հանրապետությունում իր ստորաբաժանման կամ վայրի նպատակների համար կատարված ծախսերի, Արցախի Հանրապետությունում իրականացվող գործունեության կապակցությամբ կրած կորուստների չափով նվազեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա: Ընդ որում, թույլատրվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի և փաստացի կորուստների բաշխում ոչ ռեզիդենտի և Արցախի Հանրապետությունում նրա ստորաբաժանման կամ վայրի միջև: Բաշխված ծախսերը ներառում են, մասնավորապես, կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը՝ կատարված ինչպես Արցախի Հանրապետությունում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս:

2. Ստորաբաժանման հարկվող շահույթը որոշելիս նրա համախառն եկամուտը նվազեցվում է նաև սույն օրենքով սահմանված այլ նվազեցումների չափով, բացառությամբ սույն օրենքի 24, 25 և 26 հոդվածներով սահմանվածների:

3. Հարկային պետական վարչության մարմինը Արցախի Հանրապետության աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները կարող է համարել որպես Արցախի Հանրապետությունում վայրի միջոցով ոչ ռեզիդենտի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունք՝ հարկային պետական վարչության մարմիններ այդ ոչ ռեզիդենտի կողմից ձեռնարկատիրական գործունեությունը հավաստող փաստաթղթեր ներկայացվելու դեպքում:

(54-րդ հոդվածը փոփ. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

ԳԼՈՒԽ  XI

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 55.

Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը

 

1. Արցախի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից Արցախի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը՝ եկամտի վճարման աղբյուրից: Արցախի Հանրապետության աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամտից վճարման աղբյուրի մոտ սույն օրենքի 62 հոդվածում սահմանված կարգով հարկային գործակալները շահութահարկը պահում (գանձում) են հետևյալ չափերով.

 

Եկամտի տեսակը

Շահութահարկի չափը

տոկոսներով

ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրական վճարներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ

4

շահաբաժիններ տոկոսներ, ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից)

6

ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտներ, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքից դուրս Արցախի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը մատուցվող ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ

10

 

(3-րդ նախադասությունը հանվել է 16.12.2010 ՀՕ-63-Ն)  

(4-րդ նախադասությունը հանվել է 16.12.2010 ՀՕ-63-Ն)

(5-րդ նախադասությունը հանվել է 16.12.2010 ՀՕ-63-Ն)

Հարկ վճարողների կողմից օֆշորային գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով: Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

2. Հարկային գործակալի նշված չափերով պահած (գանձած) գումարները համարվում են Արցախի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքի, երբ ոչ ռեզիդենտը Արցախի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում ստորաբաժանման կամ հարկային մարմնի կողմից ճանաչված վայրի միջոցով, և այդ եկամուտը ստորաբաժանման կամ վայրի գործունեության արդյունք է:

3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն՝ հարկային գործակալի բացակայության) դեպքում Արցախի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է Արցախի Հանրապետության աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը՝ սույն օրենքի 58-61-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում` հիմնվելով սույն հոդվածի 1-ին մասում նշված դրույքաչափերի վրա:

(55-րդ հոդվածը լրաց., փոփ. 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 06.02.2002 ՀՕ-189, փոփ. 22.12.2004 ՀՕ-166, լրաց. 17.09.2008 ՀՕ-51-Ն, փոփ., լրաց. 16.12.2010 ՀՕ-63-Ն, լրաց. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ., լրաց. 18.12.2013 ՀՕ-64-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 56.

Աղբյուրի մոտ շահութահարկի պահումից ազատվելը

 

Եթե Արցախի Հանրապետության աղբյուրներից ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտները ստորաբաժանման գործունեության արդյունք են, ապա ստորաբաժանումը հարկային գործակալին ներկայացնում է Արցախի Հանրապետության հարկային պետական վարչության համապատասխան մարմնում հաստատված տեղեկանք՝ Արցախի Հանրապետության հարկային պետական վարչության մարմիններում հաշվառված լինելու և հարկատուի հաշվառման համար ունենալու մասին, և ազատվում է աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից), բացի սույն օրենքով սահմանված դեպքերում շահաբաժինների վճարման համար աղբյուրի մոտ շահութահարկը պահելուց:

(56-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 57.

Ոչ ռեզիդենտի շահութահարկի կանխավճարները

 

Եթե ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի նախորդ տարվա շահութահարկի գումարը գերազանցում է 2 մլն դրամը, ապա ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում՝ կիսամյակը մեկ, կատարում է շահութահարկի կանխավճարների մուծումներ՝ նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ քառորդի չափով, հավասար բաժիններով, մինչև հաշվետու տարվա հուլիսի 1-ը և դեկտեմբերի 31-ը:

 

Հոդված 58.

Տարեկան եկամուտների մասին հաշվարկը
(վերնագիրը փոփ. 27.12.2011 ՀՕ-94-Ն)

 

1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ից ոչ ուշ հարկային մարմիններ է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ, որտեղ ներառվում են արցախյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները:

2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

(58-րդ հոդվածը փոփ. 22.12.2004 ՀՕ-166, փոփ., խմբ. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 18.12.2013 ՀՕ-64-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 59.

Ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկումը
(վերնագիրը խմբ. 27.12.2011 ՀՕ-94-Ն)

 

1. Արցախի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտը շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում` հաշվի առնելով սույն օրենքի դրույթները և հիմնվելով 32-րդ հոդվածում նշված դրույքաչափերի վրա:

2. Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Արցախի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:

3. Ոչ ռեզիդենտը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմիններ ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

(59-րդ հոդվածը խմբ. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 60.

Շահութահարկի վճարման ծանուցագիրը
(60-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.12.2011 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 61.

Վերջնահաշվարկը

 

Սահմանված կարգով հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է, կամ գերավճարը հատուցվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը (ներառյալ)` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(61-րդ հոդվածը խմբ. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 18.12.2013 ՀՕ-64-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 62.

Աղբյուրի մոտ շահութահարկի պահումը

 

1. Սույն օրենքի 55-րդ հոդվածի համաձայն` աղբյուրի մոտ շահութահարկի պահումը (գանձումը) իրականացնում է հարկային գործակալը` ոչ ռեզիդենտին վճարվող (ներառյալ` կանխիկ կամ անկանխիկ փողային վճարման, այդ թվում` մաս-մաս կատարված վճարման` անկախ եկամտի ստացման իրավունքը ծագած լինելու հանգամանքից, այլ գույքով հատուցման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվանցման, պարտքերի վերաձևակերպման կամ պարտքերի նորացման, ինչպես նաև արցախյան աղբյուրներից ստացման ենթակա եկամուտների մասով հարկային գործակալի նկատմամբ ոչ ռեզիդենտի կողմից հարկային գործակալ չհանդիսացող անձին պահանջի իրավունքի զիջման, եկամտի ստացման պահանջի ներման, սույն օրենքի 42-րդ հոդվածի «դ» կետով սահմանված՝ շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման դեպքերում) եկամտի ընդհանուր գումարից:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` կանխիկ կամ անկանխիկ փողային վճարումները, համապատասխան գործարքը չկատարվելու հանգամանքով պայմանավորված, վերադարձվում են՝

1) մինչև այդ վճարումների կատարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային գործակալի կողմից սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված՝ նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի փաստացի ներկայացումը, բայց ոչ ուշ, քան այդ հաշվարկի ներկայացման համար սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված վերջնաժամկետը, ապա համարվում է, որ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտ չի վճարվել.

2) այդ վճարումների կատարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային գործակալի կողմից սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված՝ նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ներկայացումից հետո, ապա հարկային գործակալը կարող է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հարկային մարմին ներկայացնել ճշտված հաշվարկ:

(62-րդ հոդվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն, խմբ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 63.

Բնամթերային ձևով ստացվող եկամուտների վերահաշվարկը

 

Բնամթերային ձևով (այդ թվում՝ փոխանակման գործարքների միջոցով) եկամուտներ վճարելու դեպքում հարկային գործակալը դրանք վերահաշվարկում է դրամով՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և սահմանված ժամկետներում շահութահարկը վճարում է բյուջե:

(63-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 64.

Հարկային գործակալի պահած շահութահարկի գումարների վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետները

 

Սույն օրենքի 62 հոդվածի համաձայն` պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ վճարել բյուջե: Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ (հաշվետվություն) իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային պետական վարչության մարմնին՝ անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:

Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար շահութահարկի պարտավորության վերահաշվարկ:

(64-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.02.2002 ՀՕ-189, փոփ. 16.12.2010 ՀՕ-63-Ն, փոփ. 23.12.2015 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 65.

 Վճարված հարկերի մասին տեղեկանք տրամադրելը

 

Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հարկային պետական վարչության մարմինը տալիս է համապատասխան տեղեկանք՝ սույն օրենքի համաձայն Արցախի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին:

Նշված տեղեկանքում շահութահարկի գումարի մեջ մտցվում է նաև այն գումարը, որը պետք է վճարված լիներ Արցախի Հանրապետությունում, սակայն չի վճարվել՝ սույն օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու հետևանքով:

(65-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 66.

Հարկային ստուգումները

 

Հարկային պետական վարչության մարմիններն իրավունք ունեն ստուգել Արցախի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների ֆինանսական, հաշվապահական և հարկային գործերը և ստուգել հարկային գործակալի կողմից շահութահարկը պահելու և այն բյուջե վճարելու ճշտությունը:

(66-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

ԲԱԺԻՆ  3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ  XII

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 67.

Սույն օրենքը խախտելու համար վճարողների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտելու համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-34-Ն)

Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասը (առանց հաշվի առնելու նախորդ տարիներից փոխանցվող հարկային վնասի մեծությունը) ավել ցույց տալու դեպքում ռեզիդենտ հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ ավել ցույց տված վնասի 10 տոկոսի չափով, իսկ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 18 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող ռեզիդենտներից` ավել ցույց տված վնասի 18 տոկոսի չափով: Ռեզիդենտները նշված տուգանքը պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

(67-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-189, փոփ. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 16.12.2010 ՀՕ-63-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն, փոփ. 11.02.21 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 68.

Հարկային գործակալի պատասխանատվությունը

 

Սույն օրենքի դրույթների համաձայն՝ շահութահարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (և շահութահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:

(68-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

ԳԼՈՒԽ  XIII

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 69.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Արցախի Հանրապետության հարկային մարմինը:

(69-րդ հոդվածը խմբ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 70.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1992 թվականի օգոստոսի 28-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների շահութահարկի մասին» թիվ 97 որոշումը:

3. Սույն օրենքի 33 հոդվածում նշված շահումներով խաղերի առումով՝ խաղատների (կազինոների) կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման և համակարգչային խաղերի կազմակերպման մասով, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում գործում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հաստատագրված վճարումները:

(70-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-57-Ն)

 

ԳԼՈՒԽ  XIV

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 71.

Արտոնությունների կիրառումը

 

1. Սույն օրենքի 25 հոդվածով սահմանված նվազեցումները կիրառվում են 1997 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած վնասների մասով:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող ժամկետային արտոնությունները շարունակվում են մինչև դրանց ժամկետի լրանալը:

3. Նոր ստեղծված ձեռնարկությունների համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությանը համապատասխան հարկային արտոնությունից օգտվելու դեպքում տվյալ հարկատուի համար սույն օրենքի 38 հոդվածով սահմանված արտոնության ժամկետը նվազեցվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վերապահված արտոնության ժամկետի չափով:

 

Հոդված 72.

Ամորտիզացիոն մասհանումների կիրառումը

 

1. Սույն օրենքի 12 հոդվածում նշված ամորտիզացիոն մասհանումների չափը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հիմնական միջոցների նկատմամբ որոշելու համար 1998 թվականի հունվարի 1-ից հետո ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը որոշվում է որպես չամորտիզացված արժեքի գործակցի և սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետի արտադրյալ.

Ժն = (Ա - Մ) x Ժ/ Ա

Որտեղ՝

Ժն-ն մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետն է.

Ա-ն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

Մ-ն հիմնական միջոցի մաշվածության գումարն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

Ժ-ն սույն օրենքի 12 հոդվածում սահմանված՝ հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է:

2. 1998 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների համար ամորտիզացիոն ժամկետ են համարվում սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետները:

3. Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նպատակով մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեք է համարվում 1997 թվականի հուլիսի դրությամբ դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ շահութահարկի տարեկան հաշվարկ ներկայացնողների համար՝ 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը՝ հաշվի առնելով սույն օրենքի 13 հոդվածի համաձայն հիմնական միջոցների արժեքի վրա կատարվող ավելացումները:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

15 փետրվարի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-47